Հդնկաստան-Պակիստան լարվածությունը հասել է գագաթնակետին
Քաշմիրի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա Հնդկաստանի հրթիռային հարձակումներից հետո, Հարավային Ասիայի երկու միջուկային տերությունների միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի։
Հնդկական Քաշմիրի Փահալգամ շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունից օրեր անց, երեքշաբթի օրը, Նյու Դելին սկսել է «Սինդուր» գործողությունը, որի թիրախը Պակիստանի Քաշմիրում գտնվող ինը ենթադրյալ ահաբեկչական բազաներն էին։ Հնդկաստանի զինված ուժերը հարվածները որակել են որպես ճշգրիտ և արդարությանը համապատասխան, հավելելով, որ որևէ ռազմական կամ քաղաքացիական օբյեկտ չի թիրախավորվել։
Հարձակում Պակիստանի 6 շրջանների վրա
Պակիստանի ռազմական խոսնակը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել 6 թիրախ, այդ թվում՝ մեկ ամբարտակ, որի հետևանքով զոհվել է 26 և վիրավորվել 46 խաղաղ բնակիչ։ Պակիստանի պաշտպանության նախարարը հերքել է ահաբեկչական բազաների մասին Հնդկաստանի պնդումը և խոստացել պատասխան գործողություն իրականացնել։
Պակիստանը դիմել է ԱԽ
Ավտանգության խորհրդին ուղղված նամակում, Պակիստանը Հնդկաստանի հարձակումը որակել է որպես համաշխարհային խաղաղությանը սպառնացող քայլ և հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, ընդգծել է ինքնապաշտպանության իր իրավունքը։ Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ։ Պակիստանի նախագահը և վարչապետը հայտարարել են, որ ագրեսիան անպատասխան չի մնալու։
Խոցվել է հնդկական 5 կործանիչ
Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ խոցել են հինգ հնդկական կործանիչ և ոչնչացրել մեկ ռազմական բազա։ Չնայած Հնդկաստանը չի հաստատել հայտարարությունը, պակիստանյան աղբյուրները հայտնել են մի քանի հնդիկ զինվորների գերեվարման մասին։
Հնդկաստանի ՀՕՊ համակարգերը բերվել են պատրաստվածության վիճակի
Հնդկաստանը Պակիստանի հետ սահմանի երկայնքով մարտական պատրաստվածության է բերել ՀՕՊ համակարգերը, և վերահսկողության գծի երկայնքով փոխհրաձգություններ են գրանցվել։
Ինքնազսպվածության կոչ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մտահոգություն հայտնելով լարվածության վերաբերյալ, կոչ է արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել։ Միջազգային հանրությունը նույնպես զգուշացրել է այս ճգնաժամի հետևանքների մասին։