ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր
Ռուսաստանի Դաշնության խորհրդի Սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, մեկնաբանելով Բաքվում Ռուսաստանի դեսպանատան զեկույցը հանրապետությունում ռուսների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին, նշել է, որ Ադրբեջանը ներկայումս անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ երկրում գտնվող ռուսները, այդ թվում՝ զբոսաշրջիկները, հայտնել են իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին՝ ոստիկանության աշխատակիցներ ներկայացող քաղաքացիների կողմից։
Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»:
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել է Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին բողոք է հայտնվել՝ Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների և երկկողմ հարաբերությունների խաթարմանը գիտակցաբար ուղղված քայլերի կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն նաև պահանջել է ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին:
Հուլիսի 1-ին Ռուսաստանում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը։
armenpress.am