Բուրկինա Ֆասոյում ստորագրվել է Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դատապարտող փաստաթուղթ
Բուրկինա Ֆասոյի կրոնական և իսլամական միությունների և հաստատությունների ղեկավարներն ու անդամները ստորագրել են փաստաթուղթ, որով վերահաստատել են իրենց հավատարմությունն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիին և դատապարտել Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ փաստաթղթում ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, Բուրկինա Ֆասոյի կրոնական և իսլամական ընկերությունների և հաստատությունների ղեկավարներն ու անդամները, խստորեն դատապարտում ենք Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումները, որոնց հետևանքով նահատակվել են զինվորական հրամանատարներ, գիտնականներ և քաղաքացիական անձինք: Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ և վճռականորեն դատապարտել այս գործողությունները և պատասխանատվության ենթարկել Սիոնիստական ռեժիմին տարածաշրջանում իր հանցագործությունների և անօրինական գործողությունների համար»։
Փաստաթուղթը ստորագրողները վերահաստատել են իրենց ուխտն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հետ և համերաշխություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։
Հունիսի 13-ին, միջազգային իրավունքի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանության ակնհայտ խախտմամբ, Սիոնիստական ռեժիմը հարձակում սկսեց Թեհրանի և Իրանի մի շարք այլ քաղաքների և երկրի միջուկային օբյեկտների վրա։ Այս ահաբեկչական գործողության արդյունքում նահատակվեցին միջուկային ոլորտի մի խումբ գիտնականներ, զինվորականներ և քաղաքացիական անձինք։
Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացավ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ անձազերծված պատերազմին՝ հարձակվելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա։ Այս գործողություններին ի պատասխան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, հայտարարեց, որ Իրանը պահպանում է բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը և իր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի համաձայնագրի կնքման մասին։ Իրանը հայտարարեց, որ ինքը չի սկսել պատերազմը և եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ներխուժումը, Թեհրանը մտադիր չէ շարունակել պատասխան գործողությունները։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս կապակցությամբ հայտարարեց. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, չվստահելով թշնամիների խոսքերին, ձեռքը ձգանին պահած, պատրաստ կլինեն վճռական և կոշտ պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիայի»։