Ո՞րն է Ուկրաինայի պատերազմում ԱՄՆ-ի նոր սպառազինական քաղաքականությունը
ԱՄՆ նախագահը հաստատել է ծրագիր, ըստ որի եվրոպացի դաշնակիցները Վաշինգտոնից կգնեն մի քանի միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա՝ Կիևին տրամադրելու համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ծրագիրն ուղղված է Patriot հրթիռային համակարգերի միջոցով Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը։ Վերջին ամիսներին Ուկրաինան բազմիցս դիմել է ԱՄՆ-ին՝ ավելի շատ Patriot համակարգեր ստանալու խնդրանքով։ Patriot-ը աշխարհում այն քիչ պաշտպանական համակարգերից մեկն է, որը կարող է որսալ և ոչնչացնել բալիստիկ հրթիռները։
Military Watch պարբերականը գրել է, որ Թրամփը քննարկում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերին առաջին սերնդի AGM-158 JASSM գաղտնի թևավոր հրթիռի մատակարարման թույլտվությունը։ Հրթիռի առաջին սերունդն ունի 370 կիլոմետր հեռահարություն և պետք է տեղափոխվի ու արձակվի Ուկրաինայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների նավատորմի կողմից։
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ բացի Patriot համակարգերից, Ուկրաինան, հավանաբար, ԱՄՆ-ից կստանա նաև հեռահար Tomahawk հրթիռներ։ Ուկրաինայի զինանոցում առկա մյուս զենքերի նկատմամբ այս հրթիռի հիմնական առավելությունը դրա չափազանց մեծ հեռահարությունն է։
Հուլիսի 13-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց Ռուսաստանի նկատմամբ «բարձր մաքսատուրքեր» սահմանել՝ ասելով, որ հիասթափված է Ռուսաստանից և նրա նախագահից։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չգան Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ, Միացյալ Նահանգները գրեթե 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա։
Թրամփը նաև հայտարարել է Կիև զենքի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը շարունակելու իր որոշման մասին՝ պայմանով, որ Եվրոպան, ՆԱՏՕ-ի համակարգմամբ, վճարի նման մատակարարումների համար։ «Մենք այսօր համաձայնության եկանք, որ նրանց զենք կուղարկենք, և նրանք կվճարեն դրա համար։ Միացյալ Նահանգները որևէ գումար չի վճարելու։ Մենք այն չենք գնում, մենք այն արտադրում ենք, և նրանք կվճարեն դրա համար», - ասել է Թրամփը։
Գերմանական Spiegel-ը գրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ իրենց պաշարներից ամերիկյան զենք կփոխանցեն Ուկրաինային, իսկ հետո ԱՄՆ-ից կգնեն նոր զենք՝ սպառված զինանոցները լրացնելու համար։
Ըստ այս հաղորդման՝ Գերմանիան, Ֆինլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները և Կանադան կմիանան զենքի մատակարարումների առաջին ալիքին։ Եթե այս լուրը հաստատվի, Ուկրաինային ամերիկյան զենքով զինելը կհամարվի այդ երկրների կողմից Ուկրաինային ուղղակի օգնություն, և դա Միացյալ Նահանգներին թույլ կտա խուսափել Կիևին զինելու մասին Մոսկվայի մեղադրանքներից։
Այս որոշումը ոչ միայն կարևոր իրադարձություն է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման գործընթացում, այլև կարող է զգալիորեն փոխել ուժերի հավասարակշռությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում։ Եվրոպական մի քանի երկրների մասնակցությունը ժամանակակից զենքի, այդ թվում՝ Patriot-ի և Tomahawk-ի ֆինանսավորմանը և մատակարարմանը, վկայում է Արևմուտքի վճռականության մասին՝ ամրապնդելու Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական սպառնալիքներից, ինչպես նաև բարձրացնելու տրանսատլանտյան համակարգումը անվտանգության ճգնաժամերի պայմաններում։
ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփի և Զելենսկու միջև հաղորդագրությունների փոխանակման ժամանակ, Միացյալ Նահանգները «կանաչ լույս է տվել» Մոսկվայի վրա հեռահար զենքերով հարձակվելու համար։ Թրամփն ուղղակիորեն խնդրել է Զելենսկուն Մոսկվան թիրախավորել Սպիտակ տան կողմից Ուկրաինային տրամադրված հեռահար հրթիռներով։
Ըստ Financial Times-ի՝ Թրամփը, որը միշտ ներկայացել է որպես «հակա-պատերազմական» թեկնածու և խոստացել արագ ավարտել Ուկրաինայում պատերազմը, այժմ հանդես է գալիս որպես միջուկային տերության մայրաքաղաքի վրա ուղղակի հարձակման կողմնակից։ Այս փոխակերպումը կա՛մ մոտեցման փոփոխության նշան է, կա՛մ ուժի դիրքերից բանակցելու ճնշման մարտավարության մի մաս։
Երեքշաբթի օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքելով Ռուսաստանի և նրա գործընկերների նկատմամբ 100% մաքսատուրքեր սահմանելու մասին Թրամփի հայտարաությանը, այն անվանել է «շատ լուրջ»։ Նա նաև ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը՝ Washington Post-ում նշված այն հոդվածի կապակցությամբ, որում, հղում անելով Թրամփին, խոսվում է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա Ուկրաինայի կողմից հարձակման հնարավորությունը քննարկելու մասին։
Պեսկովն ասել է․ «Սա առաջին դեպքը չէ, որ Կիևը նման հայտարարություններ է անում։ Սակայն այդ հայտարարությունները հաճախ կեղծ են լինում։ Երբեմն լինում են տեղեկատվության արտահոսքեր, այդ թվում՝ հրապարակումներում, որոնք մենք նախկինում համարում էինք շատ հավաստի։ Ուկրաինային զենք տրամադրելու ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության որոշումը ոչ թե խաղաղության նշան է, այլ որպես պատերազմի շարունակության»։
Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի սպառազինական նոր քաղաքականությունը կարծես թե լուծում է երկու խնդիր։
Նախ, ինչպես Թրամփը բազմիցս հայտարարել է, Միացյալ Նահանգները պատրաստ չէ Կիևին անվճար զենք, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգեր և հեռահար հրթիռներ տրամադրել, և հիմա խնդիրը լուծում է այս ճանապարհով։
Երկրորդ, Թրամփը, ով կանգնած է ձախողման և խայտառակվելու սպառնալիքի առջև, կատարելով Ուկրաինայում պատերազմը մեկ գիշերվա ընթացքում դադարեցնելու իր խոստումը, միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմ հրահրող անվանելով, ոչ միայն մտադիր է խաթարել Ռուսաստանի ռազմական հզորությունը՝ թույլատրելով ամերիկյան հրթիռների միջոցով ռուսական հողի վրա հարձակումների իրականացումն, այլև ցանկանում է ցույց տալ Պուտինին, որ հրադադարի հարցում զիջումների չգնալը կարող է ծանր գին ունենալ Մոսկվայի համար։ Այսպիսով, Մոսկվան ստիպված կլինի ընդունել հրադադարը և հնարավորինս շուտ սկսել խաղաղության բանակցություններ՝ մարդկային և նյութական կորուստները կանխելու համար։
Ռուսաստանի նպատակն է ամրապնդել Ուկրաինայում իր տարածքային նվաճումները և Կիևին ու նրա արևմտյան կողմնակիցներին ստիպել ընդունել ադ փաստը։ Սակայն Մոսկվայի այս պահանջը մինչ օրս չի ընդունվել և Ռուսաստանը փորձում է դա անել ռազմական ճանապարհով։
Այնուամենայնիվ, Եվրոպան որոշել է աջակցել Ուկրաինային, իսկ Միացյալ Նահանգները համաձայնել է Ուկրաինային տրամադրել Patriot հրթիռային համակարգեր և նույնիսկ 370 կիլոմետր հեռահարությամբ AGM-158 JASSM հրթիռներ, ինչպես նաև 1000 կիլոմետր հեռահարությամբ նոր հրթիռներ։ Սակայն Վաշինգտոնը դա անելու է եվրոպացիների փողերով։ Սա նշանակում է, որ Թրամփը Կիևին «կանաչ լույս» է տալիս՝ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա հարձակման համար և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում նոր հարթություն է ի հայտ գալիս։