ԻԻՀ ԱԳ նախարար․ Եվրոպան իրավունք չունի խոսել բանաձևից, որին չի հետևել
Մերժելով 2015թ ստորագրված համաձայնագրում ներառված մեխանիզմներն ակտիվացնելու մասին Եվրոեռյակի հայտարարությունն ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է․ «Եվրոեռյակը չի կարող կասկածի տակ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը՝ խոսելով մի բանաձևի մասին, որին չի հետևել»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Աբբաս Արաղչին կիրակի երեկոյան X-ում արած գրառման մեջ անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի նախագահին, Եվրամիության գերագույն ներկայացուցչին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված իր նամակին։ Նա նամակում բացատրել է, թե ինչո՞ւ Եվրոեռյակը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական լեգիտիմություն՝ ակտիվացնելու Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի և Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի (2015 թ․) մեխանիզմները։
Արաղչին գրել է. «Եվրոեռյակն իր գործողությունների և հայտարարությունների, այդ թվում՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից վերջերս իրականացված անօրինական և անարդար ռազմական ագրեսիային քաղաքական և նյութական աջակցություն ցուցաբերելու, ՀԳՀԾ-ի հիմնարար սկզբունքների խախտման, ինչպես նաև իրենց պարտավորությունները կատարելու շարունակական և երկարատև ձախողման միջոցով, փաստացի կորցրել է ՀԳՀԾ-ին մասնակցության կարգավիճակը։ Հետևաբար, երեք եվրոպական երկրների կողմից Անվտանգության խորհրդի չեղյալ հայտարարված բանաձևերը վերակենդանացնելու ցանկացած փորձ անվավեր է և իրավական որևէ հիմքից զուրկ»։
Նա նշել է․ «Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալու՝ Իրանը նախ լիովին ներդրեց համաձայնագրում ներառված բոլոր վեճերի լուծման մեխանիզմները, ապա աստիճանաբար սկսեց իր փոխհատուցման միջոցառումները՝ համաձայն ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածի։ Այդ ընթացքում Իրանը մեծ ջանքեր գործադրեց՝ համոզելու համաձայնագրի մնացած անդամներին՝ վերադառնալ իրենց պարտավորություններին։ Սակայն Եվրոեռյակը ոչ միայն չկատարեց իր պարտավորությունները, այլև ակտիվորեն ներգրավվեց ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականության մեջ, իսկ վերջերս նաև դերակատարություն ունեցավ Իրանի դեմ ռազմական ագրեսիայում»։
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը գրել է. «Նման պատմություն ունեցող գործիչները երբեք չեն կարող պնդել «բարի մտադրությունների» մասին։ Երեք եվրոպական երկրները չպետք է կասկածի տակ դնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը՝ չարաշահելով մի բանաձև, որին իրենք չեն հետևել։ Նրանք պետք է հետևեն նույն խորհրդին, որը տվել են ԱՄՆ-ին՝ 2020 թվականի օգոստոսի 20-ի իրենց նամակում և պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կխորացնի Անվտանգության խորհրդում առկա պառակտումները կամ բացասական ազդեցություն կունենա դրա գործունեության վրա»։
Իրանի ԱԳ նախարար հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ ունի ցանկացած ագրեսիայի, կամ, ինչպես նրանք են անվանում «կեղտոտ աշխատանքի» դիմակայելու կարողություն, բայց միշտ պատրաստ է նաև արձագանքել բարի կամքի վրա հիմնված իմաստալից դիվանագիտությանը»։