Թրամփի որոշումը՝ անօթևաններին վտարելու համար. անվտանգության ուղի՞, թե՞ նոր ճգնաժամ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Վաշինգտոն ԴիՍի-ում այսպես կոչված «անվերահսկելի հանցագործության» դեմ պայքարելու համար տեղակայել Ազգային գվարդիայի 800 զինվոր և ժամանակավորապես տեղական ոստիկանության վերահսկողությունը փոխանցել դաշնային կառավարությանը։ Նա նաև խոստացել է մայրաքաղաքից վտարել անօթևաններին և վերաբնակեցնել նրանց հեռավոր շրջաններում։
Այս գործողությունը ձեռնարկվել է «Տեղական ինքնիշխանության մասին» օրենքի հիման վրա և արժանացել է տեղական պաշտոնյաների, մարդու իրավունքների կազմակերպությունների և վերլուծաբանների բացասական արձագանքին։ Այս որոշման ընդդիմախոսները այն համարում են մարդու իրավունքների խախտում և քաղաքական քայլ՝ ուժի ցուցադրման համար այն քաղաքում, որտեղ վարչակազմում մեծամասնություն են կազմում դեմոկրատները։
Իր սոցիալական ցանցում Թրամփը Վաշինգտոնը բնութագրել է որպես «հանցագործություններով, դաժանություններով ու կեղտոտությամբ լի» քաղաք և անօթևաններին համարել է այս խնդրի մի մասը։ Սա այն դեպքում, երբ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ բռնի հանցագործությունների մակարդակը 2024 թվականին նվազել է մոտ 35%-ովն իսկ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին՝ մոտ 26%-ով, չնայած 2023 թվականին հանցագործությունների կտրուկ աճը մայրաքաղաքը դարձրել էր Միացյալ Նահանգների ամենավտանգավոր քաղաքներից մեկը։
«Սոցիալական գործընկերության» կազմակերպության տվյալներով՝ Վաշինգտոնի 700,000 բնակչությունից մոտ 3800 մարդ անօթևան է, ովքեր հաճախ ապրում են արտակարգ ապաստարաններում կամ փողոցներում։ Քաղաքային փորձագետները զգուշացնում են, որ նրանց հարկադիր վերաբնակեցումը առանց կայուն լուծումների, ինչպիսիք են մատչելի գներով բնակարանները և աջակցման ծառայությունները, միայն ճգնաժամը կտեղափոխի այլ տարածքներ։
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը որոշումն անվանել է «չափազանցված և անհարկի»։ Անօթևանների իրավունքների պաշտպանության խմբերը նույնպես սպառնացել են դատաիրավական գործողություններ ձեռնարկել՝ այն անվանելով մարդու իրավունքների օրենքների և պարտավորությունների խախտում։
Վաշինգտոն ԴիՍի-ն գտնվում է Կոնգրեսի անմիջական վերահսկողության տակ և ունի սահմանափակ ինքնավարություն՝ դաշնային շրջանի իր հատուկ կարգավիճակի պատճառով, որը թույլ է տալիս դաշնային կառավարության ուղղակի միջամտություն, ինչպիսին է Թրամփի վերջին քայլը։
Վերլուծաբանները կարծում են, որ այս ծրագրի հաջողությունը կախված է սոցիալական և տնտեսական ծրագրերի միաժամանակյա իրականացումից, հակառակ դեպքում, նույնիսկ ժամանակավոր բարելավումների դեպքում, կպահպանվեն աղքատության, անօթևանության և անհավասարության նման խնդիրների արմատները։