Սուդանում սպանել են Կարմիր խաչի հինգ կամավորի
https://parstoday.ir/hy/news/world-i238590-Սուդանում_սպանել_են_Կարմիր_խաչի_հինգ_կամավորի
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան «ցնցված և խորապես վշտացած» է Սուդանի Հյուսիսային Կորդոֆանի նահանգում հինգ կամավորների սպանության առիթով:
(last modified 2025-10-29T12:50:30+00:00 )
Հոկտեմբեր 29, 2025 16:20 Asia/Tehran
  • Սուդանում սպանել են Կարմիր խաչի հինգ կամավորի

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան «ցնցված և խորապես վշտացած» է Սուդանի Հյուսիսային Կորդոֆանի նահանգում հինգ կամավորների սպանության առիթով:

Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Կազմակերպության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին Բարա քաղաքում:

Ֆեդերացիայում նշել են, որ կամավորները պաշտոնական գործուղման մեջ էին պարենի բաշխման խմբի կազմում: Նրանք կրում էին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանով բաճկոններ, որոնք պետք է ապահովեին նրանց լիակատար պաշտպանությունը, և ունեին տեղական մասնաճյուղի կողմից տրված ինքնության հավաստագրեր: 

 Եվս երեք կամավոր անհետ կորած են: Սուդանում հակամարտության սկզբից ի վեր ֆեդերացիայի 21 աշխատակից է զոհվել   ծառայողական պարտականությունները կատարելիս: 

Սուդանում իրադրությունը սրվել է 2023 թվականի ապրիլին՝ Սուվերեն խորհրդի (ժամանակավոր ղեկավար մարմնի) նախագահ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» ղեկավար Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև տարաձայնությունների պատճառով:   Խարթումում սկսված բախումներն արագ տարածվել են երկրի մյուս շրջաններում:   Քաղաքացիական պատերազմի ընթացքում առնվազն 150 000 մարդ է զոհվել, ավելի քան 12 միլիոնը՝ տեղահանվել, շատերը գտնվում են սովի եզրին: