BRICS-ին Իրանի անդամակցության ազդեցությունը Հարավային Կովկասի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i239276-brics_ին_Իրանի_անդամակցության_ազդեցությունը_Հարավային_Կովկասի_վրա
2024 թվականին BRICS+-ին միանալուց հետո Իրանը մտել է տնտեսական և քաղաքական փոխգործակցությունների նոր փուլ՝ անցումային աշխարհակարգի շրջանակներում։ Աշխարհակարգ, որն ավելի ու ավելի է շարժվում դեպի բազմաբևեռություն և հիմնված է միջազգային գործարքներում դոլարի դերի նվազեցման վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2025 14:42 Asia/Tehran
  • BRICS-ին Իրանի անդամակցության  ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

2024 թվականին BRICS+-ին միանալուց հետո Իրանը մտել է տնտեսական և քաղաքական փոխգործակցությունների նոր փուլ՝ անցումային աշխարհակարգի շրջանակներում։ Աշխարհակարգ, որն ավելի ու ավելի է շարժվում դեպի բազմաբևեռություն և հիմնված է միջազգային գործարքներում դոլարի դերի նվազեցման վրա։

Հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Արևմտյան Ասիայում և 15 երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից լինելը,  հարց է ծագում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ BRICS-ին Թեհրանի անդամակցությունը Հարավային Կովկասի ուժերի հավասարակշռության վրա։ Տարածաշրջան, որի զարգացումներին վերջին տարիներին մեծ զգայունությամբ են հետևում, և Թեհրանը  Հայաստանի հետ իր ընդհանուր սահմանը հայտարարել է «կարմիր գիծ»։

BRICS-ն այժմ ընդգրկում է աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսը և համաշխարհային տնտեսության գրեթե մեկ քառորդը, և նոր անդամներ ներգրավելու միջոցով շարժվում է իր ազդեցությունը համաշխարհային համակարգում մեծացնելու ուղղությամբ։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2030 թվականը խմբի անդամների տնտեսական բաժինը կարող է հասնել համաշխարհային տնտեսության 50 տոկոսի։ Տարիներ շարունակ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Իրանը BRICS-ը դիտարկում է որպես ճնշումները չեզոքացնելու և դոլարից զերծ տնտեսական համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն։

Միևնույն ժամանակ, Թեհրանի հարաբերությունները իր երկու հյուսիսային հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ միշտ կարևոր դեր են խաղացել տարածաշրջանային հաշվարկներում։ Caucasus Watch-ի զեկույցի համաձայն, Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար բարձր առաջնահերթություն է եղել, և երկու երկրները վերջին տարիներին կարողացել են առևտրի ծավալը հասցնել մոտ 700 միլիոն դոլարի։ Չնայած չի սպասվում, որ միայն BRICS-ին Թեհրանի անդամակցությունը, մեծ փոփոխություն կմտցնի երկու երկրների տնտեսական հարաբերություններում,սակայն համագործակցության ուղին շարունակում է ընդլայնվել, և երկկողմ առևտրում մեկ միլիարդ դոլարի հասնելու ծրագրեր են մշակվում։ Այնուամենայնիվ Հայաստանը չի հետապնդում BRICS-ին անդամակցելու հարցը, և այս խումբը  Երևանում հաճախ դիտարկվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև մրցակցության համատեքստում։

Մյուս կողմից, Ադրբեջանը, որը 2024 թվականին պաշտոնական հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար, դեռևս չի ընդունվել նոր անդամների շարքում։ Այդուհանդերձ Ռուսաստանը, Իրանը և ԱՄԷ-ն Ադրբեջանի տնտեսության մեջ առաջատար 10 օտարերկրյա ներդրողների շարքում են։  Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները մնում են բարդ, և Իրանի տեսանկյունից ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ համագործակցությունը  համարվում է երկու երկրների միջև անվստահության հիմնական գործոններից մեկը։ Բացի այդ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը կարող է խզել Իրանի և Հայաստանի միջև ցամաքային կապը, Թեհրանի կողմից դիտվում է որպես զուտ անվտանգային հարց և  Թուրքիայի ազդեցության աճի սպառնալիք»։

Միջազգային հարաբերությունների հետազոտող Արամ Սաֆարյանը Իրանի անդամակցությունը BRICS Plus-ին համարում է Թեհրանի ջանքերի մի մասը՝ օգտագործելու տարածաշրջանային համագործակցության ներուժը Եվրասիայում, բայց նա այնքան հավանական չի համարում, որ այս անդամակցությունը կմեծացնի Իրանի աշխարհաքաղաքական ազդեցությունը Կովկասում։

Նրա խոսքով, կովկասյան հարցերը կշարունակեն լուծվել 3+3 հարթակի շրջանակներում և ԱՄՆ-ի ու  Եվրոպայի միջև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մրցակցության ազդեցության ներքո։

Ընդհանուր առմամբ, չնայած Թեհրանը ձգտում է BRICS-ի միջոցով ամրապնդել իր տնտեսական ու քաղաքական դիրքերը համաշխարհային համակարգում, այս գործընթացի ազդեցությունը Հարավային Կովկասում գնահատվում է աստիճանաբար և սահմանափակ։։ Միևնույն ժամանակ, Իրանը շարունակում է շեշտը դնել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման վրա՝ որպես իր միակ կապի ուղի Եվրասիական տնտեսական միության հետ, և զգայուն կմնա իր հյուսիսային սահմաններում տեղի ունեցող ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության նկատմամբ։

 

Աղբյուր՝ tahlilbazaar կայք