ԵԱՏՄ երկրներում կսուբսիդավորվեն գյուղոլորտի համատեղ նախագծերը
https://parstoday.ir/hy/news/world-i239770-ԵԱՏՄ_երկրներում_կսուբսիդավորվեն_գյուղոլորտի_համատեղ_նախագծերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստվում է միջոցներ մշակել ագրոարդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին աջակցելու համար։
(last modified 2025-11-27T14:29:08+00:00 )
Նոյեմբեր 27, 2025 17:59 Asia/Tehran
  • ԵԱՏՄ երկրներում կսուբսիդավորվեն գյուղոլորտի համատեղ նախագծերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստվում է միջոցներ մշակել ագրոարդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին աջակցելու համար։

Մոսկվայում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԵՏՀ (ԵԱՏՄ գործադիր մարմին) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Գոհար Բարսեղյանը։

Հիմա քննարկվում է ագրոարդյունաբերական նախագծերի սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաև հայտերի ընտրության չափանիշները։ Ի թիվս այլ ոլորտների` ուզում են ուշադրություն դարձնել փոքր տոննաժային քիմիային. առանց դրա արտադրանքի ոչ մի այլ ճյուղ չի կարող գործել։ Բարսեղյանի խոսքով` ԵԱՏՄ երկրներում ներմուծումից կախվածությունը այդ արտադրանքի առանձին տեսակների համար հասնում է 100 տոկոսի։

Ինչ վերաբերում է արդյունաբերական կոոպերացիային, նա հիշեցրել է, որ աջակցության միջոցառումներն արդեն գործում են։ Բիզնեսից արդեն ստացվել է 16 հայտ, որոնցից երեքն արդեն հաստատվել են (բոլորը՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընկերությունների մասնակցությամբ)։

Պատրաստվածության բարձր աստիճանի է անհատական համակարգիչների արտադրության նախագիծը՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաև երկաթուղային վագոնների համար ինտերիերի արտադրության նախագիծը՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ընկերությունների մասնակցությամբ:

Հաստատված նախագծերի համար ԵԱՏՄ բյուջեից սուբսիդավորվում է տոկոսադրույքի մեծ մասը (այն երկրի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով, որտեղ գտնվում է արտադրությունը)։ Այսպիսով` երեք նախագծերից առաջինի պարագայում մասնակիցները կվճարեն տարեկան մոտ 4%՝ 25%-ի փոխարեն, երկրորդ դեպքում՝ 3%՝ 18%-ի փոխարեն։