Ի՞նչ են քննարկել Պաղեստինի նախագահն ու Պուտինը
Իսրայելական օկուպացիան հանգեցնում է Գազայի հատվածի ավերման։ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ այս հայտարարությունն է արել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Նրա խոսքով՝ Գազան գրեթե ամբողջությամբ ավերված է։
Աբասը խոսել է Ռուսաստանի Դաշնության կողմից Պաղեստինին ցուցաբերվող պատմական աջակցության մասին, որը նաև ֆինանսական օգնություն է ներառում, և ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ամուր դիրքորոշում է ունեցել հօգուտ Պաղեստինի։
Պուտինն իր հերթին նշել է, որ երկու պետությունների հարաբերությունները զարգանում են՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակով պայմանավորված բոլոր դժվարություններին։
Նա կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 մլրդ դոլար ուղղել Խաղաղության խորհրդին՝ պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Ավելի վաղ Մոսկվան Վաշինգտոնի հետ քննարկել էր սառեցված ակտիվներից միջոցները Խաղաղության խորհրդին ուղղելու հարցը։
Պուտինը վստահ է, որ միայն պաղեստինյան պետության լիարժեք գործունեությունը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման։
Պաղեստինի նախագահը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել հունվարի 21-ին աշխատանքային այցով։