Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական էներգետիկ գործընկերությունը
Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները և էներգետիկայի ոլորտի հետ կապված մի շարք այլ հարցեր:
Այս մասին X-ում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո:
«Մենք քննարկեցինք Ադրբեջան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությունը, որը մտել է զարգացման նոր փուլ: Կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային էներգետիկ անվտանգության, նավթագազային ոլորտի զարգացման, էներգետիկ կապերի ընդլայնման և Կասպյան տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ», - գրել է նախարարը։
Հունիսի 1-ին Քալեբ Օրին Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: