Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
Վրաստանում Չինաստանի դեսպան Չժոու Ցյանը հարցազրույց է տվել «Վրացական ժամանակ» մեդիահոլդինիգին և ներկայացրել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի կարևորությունը։
Դեսպանը Հարավային Կովկասը գնահատել է որպես «տրանսպորտային և լոգիստիկ միասնական տարածք, որը, գտնվելով Կասպից և Սև ծովերի միջև, կարող է լինել եվրասիական առեւտրի հանգուցակետերից մեկը»։ Չինաստանը Սև ծովի վրացական առափնյակում կառուցում է տարածաշրջանի ամենախոշոր՝ Անակլիա նավանահանգիստը։
Այս համատեքստում փորձագետները դիտարկում են Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև «հաղորդակցության աշխուժացում»։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջերս այցելել է Բիշքեկ։ Ըստ մամուլին հայտնի դարձած տեղեկությունների, Չինաստանը ծրագրում է երկաթուղային կապ հաստատել Ղրղըզստանի, իսկ վերջինիս տարածքով՝ Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ, որպեսզի ուղղակիորեն կապվի Կասպից ծովի նավահանգիստներին։
Saqinform-ը հայտնել է, որ վարչապետ Կոբախիձեն մեկնել է Դուշանբե։
Պատվիրակության կազմից ենթադրվում է, որ Վրաստանի վարչապետը և Տաջիկստանի նախագահը քննարկելու են տնտեսության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր։ Այդոուհանդերձ, ոչ ավելի, քան տասնօրյա ժամանակահատվածում Կենտրոնական Ասիայի երկու երկիր Վրաստանի վարչապետի այցերը վկայում են, որ Թբիլիսին ձգտում է առավելագույնս իրացնել տրանզիտային և լոգիստիկ հնարավորությունները և ոչ միայն ապրանդել եվրասիական առեւտրի «հանգուցակետի» նշանակությունը, այլև տնտեսական շահեր իրացնել։
Վրաստանը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում լրջագույն խնդիրներ ունի, ուստի Թբիլիսիի արտաքին քաղաքականության «արևելյան ուղղությունը» նաեւ Վաշինգտոնի և Բրյուսելի «ճնշումները հակակշռելու» հնարավորություն է։ Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի կապերը առարկայորեն միջնորդավորված են Ադրբեջանով։ Ըստ երևույթին, դա նաև քաղաքական է։ Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանը որոշակի կապեր ունի Ղազախստանի հետ։ Խորհրդարանական ընտրությունների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Ղրղըզստանի նախագահ Ժապարովը։ Հայաստանի համար Կենտրոնական Ասիայի հետ ավելի առարկայական կապերի հաստատման ժամանակը, հավանաբար, հասունացել է։ Ավելի ճիշտ, Հայաստանը պետք է հնարավորինս կարճ ժամկետում Կենտրոնական Ասիայում«կորցրածը վերականգնի»։