Դադարեցնել Բաքվին տրամադրվող աջակցությունը. Կոնգրեսի 101 անդամներ դիմել են Ռուբիոյին
ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսական, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը։
ԱՄՆ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հայտարարությունը տարածել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
«Կոչ ենք անում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանը գործնական քայլեր չի ձեռնարկել հայ բանտարկյալներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգությունը հետագա ոչնչացումից պաշտպանելու և իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,– ասված է նամակում։
Նշվում է, որ նախաձեռնությունն արձագանք է Թրամփի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի սահմանափակումների շրջանցմանը, որի միջոցով վերահաստատվում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը։
Նրանք ի թիվս այլ հարցերի, վկայակոչում են Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացումը, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլին Ստեփանակերտում երկու տաճարների քանդման մասին հաղորդումները։ Մատնանշում են նաև 2021 և 2022 թվականներին իրականացված ապօրինի ներխուժումներից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից մոտավորապես 241 քառակուսի կիլոմետրի վրա Ադրբեջանի ամրապնդված ռազմական ներկայությունը։ Օրենսդիրները նշում են, որ Հայաստանը 2024 թվականի մայիսին Ադրբեջանին վերադարձրեց չորս գյուղ, մինչդեռ Բաքուն այդ քայլին չի պատասխանել իր ուժերի դուրսբերմամբ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարմամբ իրականացված երկպալատ ու երկկուսակցական այս արշավը գլխավորել են սենատորներ Գարի Փիթերսն ու Ադամ Շիֆը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրակիսն ու Ֆրենկ Փալոնը։
Նամակին աջակցել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների ղեկավարներ։