«Պուտինի ուղին» կդառնա՞ «Թրամփի ուղու» մրցակիցը
Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի ու Վրաստանի տարածքով տարանցիկ ուղի ստեղծելու առաջարկը կրկին ուշադրությունը սևեռել է Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների շուրջ մրցակցության վրա։ Այս ծրագրի իրականացումը և Նախիջևանի միջոցով մինչև Իրան դրա շարունակման հնարավորությունը կարող են ամրապնդել Թեհրանի և Երևանի հաղորդակցային ու տնտեսական կապերը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Bahar News կայքին, Երևանի պետական համալսարանի՝ Ռուսաստանի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արամ Սաֆարյանը Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների ապագային նվիրված քննարկման ժամանակ աջակցել է այսպես կոչված «Պուտինի ուղու» նախագծին։ Այն նախատեսում է վերականգնել Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև երկաթուղային, իսկ հնարավոր է՝ նաև ավտոմոբիլային հաղորդակցությունը։
Անհրաժեշտ
ենթակառուցվածքների առկայության դեպքում քննարկվում է նաև այդ ուղին Նախիջևանի և Թեհրանի հետ կապելու հնարավորությունը։
Նախաձեռնության կողմնակիցների կարծիքով՝ հյուսիս-հարավ երթուղու վերականգնումը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը և հեշտացնել երկրի մուտքը Ռուսաստանի ու Իրանի շուկաներ։ Այս տեսանկյունից՝ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային կապերի զարգացումը կարող է մեծացնել առևտրաշրջանառությունը և ամրապնդել երկու երկրների դիրքերը տարածաշրջանային տարանցիկ ցանցում։
Այնուամենայնիվ, ծրագիրը բախվում է քաղաքական լուրջ խոչընդոտների, այդ թվում՝ Վրաստանի և Աբխազիայի միջև առկա հակասություններին և տարածաշրջանային երթուղիների շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությանը։
Մյուս կողմից՝ «Թրամփի ուղու» կողմնակիցներն ընդգծում են Ադրբեջանը Հայաստանի հարավով Նախիջևանին կապելու անհրաժեշտությունը։
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ Ռուսաստանի աջակցությունը վայելող նախաձեռնությունը համարում են այս նախագծի մրցակից։
Իրանի և Հայաստանի համար հիմնական խնդիրը առևտրի և տարանցման զարգացման նպատակով անվտանգ ու կայուն երթուղիներից օգտվելն է։ Այդ նպատակի իրագործումը կախված կլինի քաղաքական համաձայնություններից, ենթակառուցվածքային խոչընդոտների վերացումից, ինչպես նաև տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և շահերի հարգումից։