Ալմաթիում հարձակվել են ոստիկանության վրա. քաղաքում ահաբեկչական վտանգի առավելագույն մակարդակ է
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանության վրա, որի հետևանքով զոհվել է չորս մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, զոհերից երեքը ոստիկաններ են: Չորրորդ զոհն այն մեքենայի վարորդն է, որը հարձակումն իրականացնողներից մեկը ցանկացել էր գողանալ:
Հարձակման թիրախում է եղել ոստիկանության շրջանային բաժանմունքը: Tengrinews.kz գործակալության տվյալներով` 7 ոստիկան վերակենդանացման բաժանմունքում է:
Ալմաթիի` ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ գրասենյակից հայտնել են, որ հանցագործներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ղազախստանի բանակը ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել: Ալմաթիում գործում է ահաբեկչական վտանգի առավելագույն` «կարմիր» մակարդակ: