Ահաբեկչական նոր հարձակումներ են տեղի ունենալու. Ֆրանսիայի վարչապետի նախազգուշացումը
Հուլիս 20, 2016 08:45 Asia/Tehran
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի շրջանակում նախազգուշացրել է, որ ահաբեկչական նոր հարձակումներ են սպասվում:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, պաշտոնյան նկատել է, որ ներկայիս իրականությունն այնպիսին է, որ ֆրանսիացիները պետք է սովորեն ապրել մշտական վտանգի պայմաններում:
«Թեև այս խոսքերը դժվար է արտաբերել, այնուհանդերձ` դա իմ պարտականությունն է: Տեղի են ունենալու նոր հարձակումներ, սպանվելու են անմեղ մարդիկ: Մենք չպետք է սովորենք այս իրավիճակին, սակայն պարտավոր ենք կարողանալ ապրել մշտական վտանգի պայմաններում»,- օրենսդիրներին ուղղված կոչում ասել է վարչապետը:
Աղբյուրը հավելում է, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը 7-ժամյա դեբատներից հետո որոշել է ևս 6 ամսով երկարաձգել երկրում արտակարգ իրավիճակի դրությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հուլիսի 14-ին երեկոյան մոտ ժամը 23-ին բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որոնք հավաքվել էին Նիցցայի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
Հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, 50 հոգի ծանր վիրավորվել է:
http://www.tert.am/
20/7/2016
Պիտակ