Անկարան և Մոսկվան վերսկսել են «Թուրքական հոսքի» կառուցման շուրջ բանակցությունները
Թուրքիան և Ռուսաստանը «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վերսկսման շուրջ բանակցություններ են վարում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախարարը կարծում է, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կվերադառնան նախկին, ճգնաժամից առաջ գործող մակարդակին:
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններն օգուտ կբերեն երկու երկրներին էլ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են արդեն հոկտեմբերին միջկառավարական համաձայնագիր կնքել «Թուրքական հոսքի» վերաբերյալ:
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով: Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացել էին:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ:
tert.am/
19/8/2016/