Գերմանիայի հայ համայնքը վրդովված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշումից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ կառավարությունը չի հրաժարվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բունդեսթագի բանաձևից՝ նշելով, սակայն, որ յուրաքանչյուր բանաձև պետք չէ համարել «իրավաբանական տեսակետից պարտադիր կատարման համար»: Այս մասին Մերկելը հայտնել է սեպտեմբերի 2-ին RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցոի ժամանակ: Բոլոր մյուս պնդումները նա «կտրականապես հերքում է», հաղորդոմ է DW–ն:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր բանաձև պետք չէ համարել «իրավաբանական տեսակետից պարտադիր կատարման համար», քանի որ դրանք ընդամենը քաղաքական դիրքորոշումներ են: Ավելի վաղ նույն ոգով է արտահայտվել նաև Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը, ինչն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացրել Գերմանիայի հայ համայնքում:
Գերմանիայում հայերի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Սամուել Լուլուկյանը կոշտ քննադատել է Բեռլինի դիրքորոշումը: «Դա հրաժարվելուց էլ այն կողմ է: Դա ամոթալի է ու քաոտիկ»- հայտնել է Լուլուկյանը Rheinische Post թերթին տված հարցազրույցում: Նա հարց է տվել, թե ինչպես կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չունենալ իրավական պարտավորություններ՝ անվանելով դա «բառախաղ»:
Նույնատիպ տեսակետ է արտահայտել նաև Հայ- գերմանական միության նախագահ Րաֆֆի Կանտյանը: Ամենից շատ նա մտավախություններ ունի, որ հիմա Գերմանիայի դաշնային հողերը դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին խոսելու ավելի քիչ առիթ կունենան՝ այն ինչ համառորեն խորհուրդ է տալիս Բունդեսթագի բանաձևը: Rheinische Post-ի տեղեկություններով առայսօր այս թեմային անդրադարձել են միայն Բրանդենբուրգ դաշնային հողի դասաժամերին:
Միևնույն ժամանակ թուրքական կառավարական շրջանակներում պաշտոնական Բեռլինի տեսակետը դրական արձագանք է ստացել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Ռեֆիկ Սողուկօղլուն: «Մենք գնահատում ենք Զայբերտի արտահայտությունն այն մասին, որ ցեղասպանության սահմանումը պետք է դատարանները որոշեն, այլ ոչ թե խորհրդարանները»,- հայտնել է դիվանագետը:
armedia.am/
3/9/2016/