Ռուսաստանը կհասնի նրան, որ հրապարակվեն Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները
Ռուսաստանը մտադիր է հասնել նրան, որ հրապարակվեն Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները, սակայն Վաշինգտոնն առայժմ նախընտրում է դրանք գաղտնի պահել: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ Մոսկվան առաջարկել է հրապարակել փաստաթղթերի փաթեթը, որը սեպտեմբերի 9-ին Ժնեւում հավանության է արժանացել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, «այն գաղտնի չպահել, ինչպես որ դա ցանկանում էին մեր ամերիկացի գործընկերները»:
«Մենք թաքցնելու բան չունենք: Այն ամենը, ինչ այնտեղ գրված է, համաձայնության առարկա է, եւ մենք պատասխանատվություն ենք ստանձնել բարեխղճորեն կատարել այն եւ նույն բանի դրդել նաեւ բոլոր նրանց, ումից կախված է այդ փաստաթղթի տարբեր բաժինների կատարումը: Կհասնենք այդ փաստաթղթի հրապարակմանը: Առաջարկում ենք, որ այս փաստաթուղթը, առանց որեւէ փոփոխության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանանա որպես բանաձեւ», — ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Tert.am