«Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան կրկին ծնկի եկավ Էրդողանի առաջ».գերմանացի պատգամավորներ
Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ու քննադատությունների առիթ է տվել: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը՝ «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը հայտարարել է, որ այդ որոշմամբ դաշնային կառավարությունը ևս մեկ անգամ ծնկի եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ:
Գերմանիայի արտգործնախարարության կողմից «Աղետ» խորագրով համերգի՝ չեղարկումը բնութագրելով որպես ամոթալի քայլ՝ Վագենքնեխթը հռետորական հարց է ուղղել. «Մի՞թե դաշնային կառավարության վարած քաղաքականությունը Անկարայից է ղեկավարվում»:
Իսկ «Կանաչների» կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Օմիդ Նուրիփուրը նկատել է տվել, որ փախստականների հոսքից վախի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունները սպառած կառավարությունը ծնկի է եկել Էրդողանի առաջ:
Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Էվա-Մարիա Շտանգեն նշել է, որ «Աղետի» չեղարկումը շատ ցավալի է, քանի որ այդ համերգը կարող էր նպաստել թուրք և հայ ազգերի միջև հաշտության գործընթացին:
Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը հայտարարել է, որ ստամբուլյան համերգի չեղարկումն իրենց համար շատ անսպասելի և ցավալի էր: Նա նշել է, որ համերգը շուրջ մեկ տարի համատեղ նախապատրաստվում էր Գերմանիայի ԱԳՆ-ի և սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Ռինդտը հաստատել է այն լուրը, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին համերգի հրավիրատոմսեր ուղարկելը համաձայնեցված չի եղել ԱԳՆ-ի հետ: Նա հայտնել է, որ ԱԳՆ-ն ուշացնում էր այդ ոչ պաշտոնական համերգի հրավիրատոմսերի բաժանումը, իսկ իրենց համար շատ կարևոր է եղել «Աղետին» թուրք քաղաքական գործիչների ներկայությունը: Այդ պատճառով էլ նրանց հրավիրատոմսեր են ուղարկվել:
27/10/2016
armedia.am/