5 պարզ խորհուրդ, թե ինչպես պաշտպանել համակարգիչն ու անձնական տվյալները
Քիչ չեն պատմություններն այն մասին, թե ինչպես են մարդկանցից համակարգչային վիրուսների միջոցով անձնական տվյալներ գողանում՝ տարբեր օգտահաշիվների գաղտնաբառեր կամ բանկային հաշիվների տվյալները: Ինչպե՞ս պաշտպանվել նման գողություններից:
NEWS.am –ի հետ զրույցում մի քանի պարզ խորհուրդ է տվել Microsoft-ի տեղեկատվական անվտանգության ծրագրերի ղեկավար Արտեմ Սինիցինը եւ արտոնագրված Ծրագրային ապահովման առաջմղման բաժնի ղեկավար Դմիտրի Բերեսնեւը:
1. Օգտագործե՛ք հուսալի գաղտնաբառեր, որոնք դժվար է կոտրել: Թվում է, թե այնքան պարզ խորհուրդ է, որ դրա մասին կարելի է եւ չգրել: Այդուհանդերձ, շատ մարդիկ դեռեւս օգտագործում են հասարակ գաղտնաբառեր, որոնց կոտրելը պարզից էլ պարզ է:
Արտյոմ Սինիցինը նշեց, որ համացանցում կան ծառայություններ, որոնք կարող են ստուգել, թե որքանով են հաջող Ձեր գաղտնաբառերը, եւ որքան արագ դրանք կարող են կոտրել: Մասնավորապես, նման ծառայություն կա Microsoft-ի կայքում: Եթե Դուք վստահ չեք Ձեր գաղտնաբառերի հուսալիությանը, ստուգե՛ք դրանք նման ծառայությունում:
2. Որտեղ հնարավոր է, օգտագործե՛ք երկգործոն ինքնության հաստատում, բայց ոչ թե SMS-ով, քանի որ դրանք այսօր հնարավոր է հեշտությամբ որսալ: Դրա փոխարեն օգտագործե՛ք վեցանիշ կոդ: Օգտահաշիվ մուտք գործելու համար երկգործոն ինքնության հաստատման դեպքում միայն գաղտնաբառն իմանալը բավական չէ, պետք է նաեւ իմանալ վեցանիշ կոդը: Դա բարձրացնում է սարքի վրա պահպանվող տվյալների անվտանգության մակարդակը:
3. Ձեր համակարգչին անհայտ կրիչներ մի՛ միացրեք: Դմիտրի Բերեսնեւը նշեց, որ շատ հաճախ վիրուսները համակարգիչ են մտնում հենց կրիչներից, որոնք ուղղակի տվել են օգտատիրոջը, իսկ նա առանց մտածելու դրանք միացնում է համակարգչին:
4. Զգու՛յշ եղեք կասկածելի կայքեր մտնելիս եւ էլեկտրոնային նամակներից: Ցանցահենային ծրագրերը, որոնք բեռնում եք նման կայքերից, մեծամասամբ մոդիֆիկացված են եւ վիրուսներ են պարունակում, որոնք կարող են գողանալ Ձեր անձնական տվյալները: Նույնը վերաբերում է էլեկտրոնային նամակներին, որոնք չի կարելի բացել, եթե Դուք չեք վստայում ուղարկողին, առավել եւս չի կարելի բացել դրանց կից ֆայլերը:
Յուրաքանչյուր օգտատեր կյանքում գոնե մեկ անգամ Զիմբաբվեում կամ ԱՄՆ-ում ապրող միլիոնատիրոջից նամակ է ստացել, որն իբր թե ուզում է նրան կտակել իր ունեցվածքը, եւ դրա համար անհրաժեշտ է միայն բացել կից ֆայլը կամ Ձեր ու Ձեր բանկային հաշիվների մասին ինչ-որ տեղեկություն ուղարկել:
«Դուք կզարմանաք, թե ինչքան շատ են այդ ֆայլերը բացող մարդիկ»,- ասաց Դմիտրի Բերեսնեւը եւ խորհուրդ տվեց չմոռանալ ձրի պանրի մասին: «Պարզ է, որ եթե Ձեզ դրա պես անվճար մի բան են առաջարկում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դա ուղղակի ծուղակ է»,- հավելեց նա:
5. Կրեդիտ քարտով մի՛ վճարեք եւ գումարային փոխանցումներ մի՛ արեք սարքերից, որոնք միացած են Wi Fi ազատ ցանցին: Ավելին՝ չարժի վճարել քարտով, որի վրա շատ փող կա այն համակարգչից, որին ցանցահենային ծրագրեր են տեղադրված եւ որից դուք հաճախ եք համացանցից ֆայլեր բեռնում:
News.am