Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը կարևորել է ԼՂ հակամարտության` քաղաքական ճանապարհով կարգավորումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Գերմանիայի նախագահության համար հիմնական մարտահրավերներից մեկն է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը`ամփոփելով ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը: Ըստ Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի` հնարավոր է` որոշ ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը եվրոպական հանրության ուշադրության կենտրոնում չէր գտնվում, սակայն ապրիլյան իրադարձություններից հետո այդ հակամարտությունը կրկին զգալի դեր ձեռք բերեց: «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ջանքերը կարևոր էին հակամարտության լիցքաթափման համար, և մենք հուսով ենք, որ հակամարտության` քաղաքական ճանապարհով կարգավորմանն ուղղված բանակցությունների համար նոր հնարավրություններ ի հայտ կգան»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:
Ankakh.com