Մամուլի տեսություն 06-01-2017
https://parstoday.ir/hy/news/world-i49858-Մամուլի_տեսություն_06_01_2017
2016 թվականը ողջ աշխարհի համար դարձավ բավականին ծանր, հակասական ու խայտաբղետ տարի: Հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների նշանակությունը՝ կասկած չկա, որ դրանք իրենց հետքն են թողնելու առաջիկա զարգացումների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 12:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   06-01-2017

2016 թվականը ողջ աշխարհի համար դարձավ բավականին ծանր, հակասական ու խայտաբղետ տարի: Հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների նշանակությունը՝ կասկած չկա, որ դրանք իրենց հետքն են թողնելու առաջիկա զարգացումների վրա:

armlur.am

2016 թ. աշխարհաքաղաքական զարգացումների հետագիծը

 

2016 թվականը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար դարձավ բավականին ծանր, հակասական ու խայտաբղետ տարի: Հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների նշանակությունը՝ կասկած չկա, որ դրանք իրենց հետքն են թողնելու առաջիկա զարգացումների վրա: Ստորեւ փորձելով ամփոփել 2016 թվականը՝ առանձնացնենք տարվա երեք կարեւորագույն իրադարձությունները.

1. տարվա մեկնարկին պայթած սիրիական փախստականների ճգնաժամը,

2. ամռանը կայացած բրիտանական հանրաքվեն,

3. Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Այս տարվա սկզբում հերթական անգամ փոթորկվեց սիրիական հարցը՝ փախստականների մի անպատկերացնելի հոսք ուղղելով դեպի Եվրոպա: Դեռ 2011թ. արաբական գարնան հետքերը, ժամանակին հասնելով Սիրիա, ալեկոծեցին այս երկիրը: Սկիզբ դրվեց մի ծայրագույն ռազմաքաղաքական արկածխնդրության՝ երկիրը ներքաշելով քաղաքացիական պատերազմի հորձանուտը: Անշուշտ, Մերձավոր արեւելքի դեմոգրաֆիական պատկերը եւ այդտեղ հատվող աշխարհաքաղաքական շահերը բացատրում են փախստականների ճգնաժամի պատճառները, սակայն համառորեն չեն պատասխանում հարցին, թե ինչ պիտի լինի հարկադրաբար տեղահանված մարդկանց ճակատագիրը, եւ ինչու ոչ՝ նաեւ այն երկրների դրությունը, որոնք ստիպված եղան բախվել փախստականների հոսքին: Սիրիական ճգնաժամի պատճառով հարկադրաբար օտար երկրներում ապաստան գտան մոտ 5 միլիոն քաղաքացիներ՝ ոչ միայն դժվարություններ ստեղծելով ընդունող երկրների համար, այլեւ ժողովրդագրական լուրջ վտանգ ստեղծելով իրենց հայրենիքի՝ Սիրիայի համար:

Ս.թ. ամռանը Բրիտանիայում տեղի ունեցավ ԵՄ հարցով հանրաքվեն, որի արդյունքներով բրիտանացիների ավելի քան 52 տոկոսը արտահայտեց իր ցանկությունը՝ լքելու Եվրոպական միությունը: Նախնական հարցումները գրեթե ամենուր լիովին հակառակ պատկերն էին ցույց տալիս՝ փափուկ բարձ դնելով  Բրիտանիայի՝ արդեն նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի եւ քաղաքական ընտրախավի գլխի տակ: Դրանով է պայմանավորված նաեւ Բրեքզիթի շոկային էֆեկտը, երբ պարզ դարձավ, որ քաղաքական ընտրանու առաջարկած օրակարգը այլեւս հակադրության մեջ է հասարակական ընկալումների հետ: Թեպետ նման կարեւորագույն որոշումները չպետք է ընդունվեն պարզ մեծամասնությամբ, սակայն Բրիտանիան, Եվրոպական միությունն ու ողջ աշխարհը արդեն իսկ կանգնած են կատարված փաստի առաջ:

Էլիտայի եւ հասարակության փոխըմբռնման կատարյալ բացակայության ականատեսը եղանք նաեւ նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում: Հակառակ բոլոր սպասումների՝ ԱՄՆ նախագահ դարձավ էլիտայի կողմից մերժված, քաղաքական բոլոր կանոնները արհամարհած, ամերիկյան ընտրական արժեքներն ամեն հարմար առիթով ծանակած գործարար Դոնալդ Թրամփը: Վերջինիս հաղթանակը նշանակում է, որ Օբամայի նպատակներն ու քաղաքական հաջողությունները կարող են կասկածի տակ դրվել՝ լավագույն դեպքում չշարունակվելով, իսկ վատագույն դեպքում՝ առանձին հարցերի չեղարկմամբ: Հաշվի առնելով ԱՄՆ-ի յուրօրինակ դերը աշխարհում՝ կասկած չկա, որ Թրամփի գրեթե ցանկացած քայլ ունենալու է իր համաշխարհային արձագանքը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է Մերձավոր արեւելքում տարվող քաղաքականությանը, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններին: ԱՄՆ արտաքին քաղաքական ընկալումներում Ռուսաստանը մոտակա խնդիրն է, Չինաստանը՝ մտահոգության հեռահար առարկան:

 

 

 

«Ռեսալաթ»

Անվտանգության տոները

 

Նոր տարին մեկնարկել է սպառնալիքներով ու անվտանգության խիստ միջոցառումների ուղեկցությամբ: Եվրոպական երկտրների տարբեր քաղաքների ոստիկանությունն անկարող է կանխել ահաբեկչական հարձակումների վտանգը ՝ ողջ Եվրոպայում: Այս բոլորը հետևանքն է ահաբեկիչներին այդ երկրի ցուցաբերած աջակցության և ահաբեկիչներին վատ ու լավ երկու խմբերի բաժանելու: Այսպիսով , քանի դեռ ԻԼԻՊ-ականները սպանություններ են կատարում Միջինարևելյան տարածաշրջանում, նրանք պաշտպանվում են Արևմուտքի կողմից, սակայն երբ եվրոպական երկրներում են սպանություններ կատարում, ուրեմն նրանք պատկանում են վատ ահաբեկիչների խմբին:

Պատահական չէ, որ Եվրոպական երկրների հանրային կարծիքն ամեն օր ձեռնոց է նետում արևմտյան երկրների անվտանգության ծառայություններին: Հազարավոր ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցները տեղակայվել են Հռոմում, Փարիզում, Բրյուսելում, Մադրիդում և եվրոպական այլ մայրաքաղաքներում: Անվտանգության սպառնալիքը ստվերել է Կանաչ մայրցամաքը: Թվում է, որ այստեղ «Հանուն զարգացման ինտեգրման» տեսությունն իր տեղը զիջել է «Հանուն հետդարձի ինտեգրման» անտիտեսությանը: Ստացված պատկերը վտանգում է նաև միավորված Եվրոպայի գաղափարը: Մարդկության հիմնարար պահանջներից համարվող անվտանգությունն այսօր դարձել է քաղաքակիրթ աշխարհի կորուսյալ օղակը:

 

 

 

«Շարղ»

Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել սիրիացի քրդերին տեղաշարժելու հարցում

 

Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել սիրիացի քրդերին տեղաշարժելու հարցում: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Սիրիական բանակցություները շարունակվելու են հունվարի 23-ին՝  Աստանայում: Սիրիայի մարդու իրավունքների փաստահավաք խումբը, որը տեղակայված է Լոնդոնում , հայտարարել է, որ դեռևս պարզ չէ, թե ով է իրականացրել Սիրիայում վերջերս տեղի ունեցած ավիահարձակման հեղինակը: Սակայն Ֆաթհ-Օլ Շամի խմբի խոսնակը հարձակումն ԱՄՆ-ին է  վերագրել: Այս բոլորը տեղի են ունենում այնպիսի պայմաններում, երբ Թուրքիայի Ագ նախարարը տեղեկացնում է Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված բանակցություններն Աստանայում շարունակելու մասին: Նրա խոսքերով, ռուս փորձագետներն Անկարա են մեկնելու ՝ Աստանայի բանակցությունների համար նախապատրաստվելու նպատակով: Բանակցությունների համար կյանքի է կոչվելու համատեղ հանձնաժողով, որը հրադադարը խախտող կողմից պահանջելու է վերջ դնել բախումներին: Եթե չբավարարվի այդ պահանջը, ապա Թուրքիան և Ռուսաստանը դիմելու են անհրաժեշտ քայլերի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն ի դեպ հայտարարել է , որ Սիրիայի հարցերով կազմակերպության ներկայացուցիչ ՝ Ստեֆան դի Միստուրան չի մասնակցելու Աստանայի բանակցություններին : Նրան փոխարինելու է մեկ այլ պաշտոնյա: Չավուշօղլուն նաև տեղեկացրել է , որ հայտնաբերվել է Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակման հեղինակը: Թուրքիայի կառավարությունը և խորհրդարանը որոշել են ևս երեք ամսով երկարաձգել երկրում արտակարգ դրությունը:  

 

 

 

 

 news.am

Պենտագոնը պատասխանել է Ինջիրլիք բազայում ԱՄՆ զորքերի ներկայության մասին Թուրքիայի հայտարարությանը

 

 

ԱՄՆ-ն գնահատում է, որ Թուրքիան Ինջիրլիք ռազմաբազան տրամադրել է իր գլխավորած կոալիցիային, եւ հետագա համագործակցության հույս ունի: Ըստ Reuters-ի՝ այս մասին գրում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը:

РБК-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը կասկածի տակ էր դրել Ինջիրլիք ռազմաբազայում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի հետագա տեղակայումը: Նրա խոսքով՝ նման միջոց կարող է ձեռնարկվել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի անբավարար օգնության պատճառով:

Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հաղորդել էր, որ Ինջիրլիք ռազմաբազայի հետ կապված որեւէ օպերատիվ որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա: