Թոմաս դե Վաալ. «Ադրբեջանի կատարյալ փոթորիկը»
Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը իր վերջին հոդվածում անդրադարձ է կատարել Ադրբեջանում ֆինանսատնտեսական ցնցումներին:
«Ադրբեջանի կատարյալ փոթորիկը» վերնագիրը կրող իր հոդվածում հեղինակը գրում է.«Աճող գներ, կործանվող արժույթ, միջազգային ցնցումներ և նյարդային էլիտա: Ադրբեջանը սկսել է 2016-ը մի վիճակում, որը կատարյալ փոթորիկ է հիշեցնում»:
Վերլուծաբանն անդրադառձել է այն բոլոր խնդիրներին, որոնք, ըստ նրա, վերջին երկու ամսում ցնցել են Ադրբեջանը: Դրանց թվում են Նարդարանի զանգվածային ձերբակալությունները, Ազգային անվտանգության նախարարության կազմալուծումը, մարդու իրավունքների խախտման ծայրահեղ դրսևորումները, մանաթի արժեզրկումն ու նավթի գնանկումը:
«Ադրբեջանն ունի երկու անկանխատեսելի խաղաքարտ: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունն է, և անհանգստացնող է այն, որ ադրբեջանական վարչակարգը, գտնվելով անելանելի վիճակում կարող է խաղալ «ղարաբաղյան խաղաքարտով»՝ մի բան, որը կարող է համախմբել բոլոր ադրբեջանցիներին իրենց դրոշի շուրջ և սկսել մեծ կամ փոքր ռազմական գործողություններ՝ կորցրած տարածքները վերականգնելու համար: Այդ դեպքում հայերը ստիպված կլինեն պատասխան հարվածը հասցնել, ինչն էլ կդառնա նոր և ամենայն հավանականությամբ աղետալի հակամարտություն Կովկասի համար:
Մյուս խաղաքարտը քաղաքական իսլամն է: Հասկանալի պատճառներով, Ադրբեջանի արևմտամետ քաղբանտարկյալները մեծ ուշադրության են արժանանում արտերկրում: Նրանցից մեկը՝ հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, դեկտեմբերի 28-ին վեց տարվա ազատազրկման դատապարտվեց Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար: Բանտարկյալների մեծամասնությունը, սակայն, մահմեդականներ են, ովքեր մեղադրվում են քաղաքական ծայրահեղականության մեջ: Քաղաքական իսլամի աջակցության մակարդակը գնահատելը դժվար է և մենք միայն կարող ենք համոզված լինել, որ ինչքան ճնշումները մեծ լինեն, այնքան բողոքն ավելի ուժեղ կլինի»:
Հեղինակի կարծիքով՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ Ադրբեջանը բյուջետային ծախսերը հաշվարկել է 50 դոլար մեկ բարելի դիմաց նավթարժեքով: Բայց նավթի գինը շարունակում է ընկնել` կրկնակի գերազանցնելով ամենավատատեսական սպասումները և Ալիևին ստիպելով՝ փնտրել լուծումներ գրեթե անլուծելի խնդրում:
Խոսակցություններ կան նաև, որ Վրաստանը պատրաստվում է Հայաստանի տարածքով գազ ներմուծել Իրանից, ինչը վերջ կդնի Ադրբեջանից ներմուծվող գազի մենաշնորհին: