Լավրովն ու Քերին շարունակել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մոտեցումների համաձայնեցումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 21-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են Սիրիայում ռազմական գործողությունների, բացառությամբ ահաբեկիչների դեմ գործողությունների, դադարեցման մոտեցումների և պայմանների համաձայնեցումը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, որպես Սիրիային աջակցության միջազգային խմբի (ՍԱՄԽ) համանախագահներ և դրա ս.թ. փետրվարի 12-ի որոշումներին համապատասխան, շարունակել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մոտեցումների և սկզբունքների համաձայնեցումը՝ բացառությամբ այն կազմակերպությունների դեմ գործողությունների, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչել է որպես ահաբեկչական»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։
Սա ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ հեռախոսազրույցն է վերջին երկու օրվա ընթացքում։ Փետրվարի 20-ին Լավրովն ու Քերին քննարկել են մարդասիրական օգնության խնդրի դյուրինացումը և կրակի դադարեցման մոտեցումը։ «Հաստատված է, որ նշված խնդիրների իրագործման մեխանիզմների մշակումը պահանջում է ռազմական գծով համակարգման հաստատում»,- այն ժամանակ հայտնել էին ՌԴ ԱԳՆ-ում։
Փետրվարի 20-ին այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր ՍԱՄԽ-ի շրջանակում գործող բռնությունների դադարեցման գծով նպատակային խմբի այդ օրը Ժնևում նախատեսված հանդիպման հետաձգման մասին։
Ավելի վաղ ՌԴ-ն և ԱՄՆ-ը, որպես ՍԱՄԽ-ի համանախագահներ, Ժնևում փորձագեիտների մակարդակով խորհրդակցությունների շարք են անցկացրել այն հարցերով, որոնք կառաջադրվեն բռնությունների դադարեցման գծով նպատակային խմբի հավանությանը։