Նավթի գների անկումը կործանարար ազդեցություն կունենա Ադրբեջանի ռազմական բյուջեի վրա. տնտեսագետ
https://parstoday.ir/hy/news/world-i526-Նավթի_գների_անկումը_կործանարար_ազդեցություն_կունենա_Ադրբեջանի_ռազմական_բյուջեի_վրա._տնտեսագետ
Նավթի համաշխարհային գների անկման ներկայիս ցուցանիշները և բացասական սպասումները կործանարար հետևանքներ կարող են ունենալ Ադրբեջանի բյուջեի 90 տոկոսից ավելի նավթի վաճառքից ստացված եկամուտներով ձևավորվող Ադրբեջանի տնտեսության վրա, ինչը նշանակում է նաև՝ այս երկրի ռազմական բյուջեի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2016 07:45 Asia/Tehran
  • Նավթի գների անկումը կործանարար ազդեցություն կունենա Ադրբեջանի ռազմական բյուջեի վրա. տնտեսագետ

Նավթի համաշխարհային գների անկման ներկայիս ցուցանիշները և բացասական սպասումները կործանարար հետևանքներ կարող են ունենալ Ադրբեջանի բյուջեի 90 տոկոսից ավելի նավթի վաճառքից ստացված եկամուտներով ձևավորվող Ադրբեջանի տնտեսության վրա, ինչը նշանակում է նաև՝ այս երկրի ռազմական բյուջեի վրա:

Tert.am -ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը` անդրադառնալով նավթի համաշխարհային գների անկմանը:

«Եթե 2014 թվականին Ադրբեջանի բյուջեն 23 մլրդ դոլար էր, ապա այս տարի նավթի գների անկման պարագայում Ադրբեջանի եկամուտները կկազմեն 11 մլրդ., ինչը կործանարար հետևանքներ կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, ինչի հետևանքները մենք տեսնում ենք ներկայում. ազգային արժույթի կտրուկ արժեզրկում, ամբողջ ֆինանսական համակարգի փլուզում` բանկեր են այնտեղ փակվում, ապրանքների դեֆիցիտ և ապրանքների զգալի գնաճ, ինչն արդեն սոցիալական որոշակի խռովությունների տեղիք է տալիս»,-նկատեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի բորսայում այսօր Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 28 դոլարից:

Տնտեսագետը նշեց, որ այս գործոններն էլ ավելի են խորացնում այն, որ Ադրբեջանում սովոր են շքեղ ապրելու, և իրավիճակի կտրուկ վատթարացումը՝ սոցիալական, այլև քաղաքական խնդիրներ է առաջացնելու այս երկրի ռազմական ծախսերի առումով:

«Նրանց վերջին տարիների ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի պետական բյուջեի եկամուտային մասը և սա նշանակում է, որ եթե չի կարողանում սոցիալական խնդիրները լուծել, ուր մնաց՝ նոր ռազմական ծախսեր անի. այդ տեսանկյունից Ադրբեջանի տնտեսությունում տեղի են ունենալու բավականին լուրջ իրադարձություններ և ակնհայտ է, որ առաջիկա տարիներին նրանք ռազմական ծախսերի հետ կապված որևէ նոր ներդրումներ չեն անի»,-կարծում է Մեսրոպ Առաքելյանը:

Սակայն, նա չի բացառում, որ Ադրբեջանում այդ բացասական սպասումները վարչախմբին կստիպեն որոշակի ռազմական գործողություններ իրականացնել` սեփական հասարակությանը սոցիալական խնդիրներից շեղելու համար:

Ինչ վերաբերում է նավթի գների ազդեցություններին և՛Ռուսաստանի, և՛ ՌԴ տնտեսությունից անմիջական կախվածություն ունեցող Հայաստանի վրա, Մեսրոպ Առաքելյանը կարծում է, որ այդ միտումները դեռ կպահպանվեն, ինչը նշանակում է, որ որոշակի անուղղակի բացասական գործոններն իրենց անմիջական ազդեցությունը կունենան նաև մեր տնտեսության վրա, քանի որ նավթի գնի նվազման արդյունքում տեղի է ունենում ռուբլու արժեզրկում, և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների մասով, որոնք բացառությամբ նախորդ տարվա, տարեկան կազմում էին 2 միլիարդ դոլարից ավելի, կրկին նվազում կլինի:

«Սա անդրառնալու է մեր բնակչության եկամուտների վրա, հետևաբար՝ ամբողջ տնտեսության վրա. սպառման նվազում, տնտեսական պասիվություն և մյուս գործոնը. դա արտաքին ապրանքաշրջանառությունն է, և չմոռանանք, որ Հայաստանի հիմնական գործընկերը հենց Ռուսաստանն է, և էժան ռուբլու պարագայում արդեն մեր արտահանողներին ձեռնտու չէ ապրանք արտահանել Ռուսաստան, ինչը ևս արտահայտվեց 20 տոկոսի չափ արտաքին ապրանքաշրջանառության անկումով»,-հավելեց Մեսրոպ Առաքելյանը:

tert.am

21/1/2016