Թուրքիան հատել է կարմիր գիծը. Շուլց
https://parstoday.ir/hy/news/world-i56532-Թուրքիան_հատել_է_կարմիր_գիծը._Շուլց
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով հատել է կարմիր գիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 09:14 Asia/Tehran
  •  Թուրքիան հատել է կարմիր գիծը. Շուլց

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով հատել է կարմիր գիծը:

Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, այս մասին հայտնում է գերմանական  Deutsche Welle  պարբերականը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է շատ լավ իմանա հետևյալը. բարեկամ երկրի նախագահն այստեղ գոհունակությամբ կընդունվի: Սակայն թույլ  չենք տալու, որ Թուրքիայի քաղաքական բախումները տեղափոխվեն Գերմանիա»,- հայտարարել է Շուլցը:

Նա նշել է, որ Էրդողանը ստիպված է ենթարկվել օրենքներին, և այդ մասին Կանցլեր Մերկելը պետք է հայտնի նրան:

Գերմանիայի Համբուրգ քաղաքի  Plaza Event Center  սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միձոցառումը, որը տեղի էր ունենալու  սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել:   Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում:

Գերմանական տեղական  իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի  Գագգենաու քաղաքում:

Կատարվածի քննադատությամբ էր հանդես եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իր պահվածքով նմանվում է  նացիստների գործելաոճին: Էրդողանի հայտարարությունը կրկնել էր նաև  արտգործնախարար Չավուշօղլուն:

Armenpress.am