Էրդողանին կհաջողվի հանրաքվեին ցանկալի արդյունքներ գրանցել. թուրքագետ
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին հաշված օրեր են մնացել. Փոփոխության են դրվելու Թուրքիայի սահմանադրության 18 հոդվածներ, որոնցով նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել դեպի նախագահական կառավարման ձև: Բացի այդ՝ նախատեսվում է վերացնել վարչապետի պաշտոնը, ավելացնել խորհրդարանի պատգամավորների թիվը։
Թե ի՞նչ հնարավոր ելքի կարելի է սպասել ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից, Panorama.am-ի թղթակիցը փորձեց պարզել ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից։
Վերջինս համոզմունք հայտնեց, որ Էրդողանին կհաջողվի հասնել իր նպատակին, և հանրաքվեն կգրանցի նրա համար ցանկալի արդյունքներ։
«Չեմ կարծում, որ սահմանադրական հնարաքվեի օրը շատ խախտումներ ու կեղծիքներ կլինեն։ Թուրքիայում դրանք սովորաբար չեն ազդում ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Էրդողանը ասես կարողացել է հմայել թուրք ժողովրդին, իսկ ներքաղաքական ուժերն ուղղակի չեն կարողանա որևէ խանգարող ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա»,- ասաց նա։
Անդրադառնալով Եվրոպայից Էրդողանի հասցեին հնչող քննադատություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ Էրդողանի առաջարկած փոփոխությունները Թուրքիան տանում են դեպի ավտորիտարիզմ։
«Սա, իհարկե, չի կարող համապատասխանել եվրոպական արժեքներին, այն արժեքներին, որոնց դավանում է ԵՄ-ն։ Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, պետք է սպասել Էրդողանի հաղթանակին»,- ամփոփեց թուրքագետը։
Աղբյուր` Panorama.am