Կանադայում գետ է անհետացել
Կանադացի և ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ 2016 թվականին անհետացել է Հյուսիսային Ամերիկայի գետերից մեկը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում։
Մասնագետները նկատել են, որ 2016 թվականին փաստացի դադարել է գոյություն ունենալ Սլիմս գետը, որի ջրերը հոսել են հյուսիսային ուղղությամբ և սնել համանուն լիճը։
Գետի անհետանալու պատճառ է դարձել Կանադայի խոշորագույն սառցադաշտերից մեկի՝ Կասկավուլշի տեղաշարժը, ինչի արդյունքում փոխվել է ջրահոսքի համակարգը։ Այժմ ջրերը սկսել են հոսել ոչ թե հյուսիսային ուղղությամբ՝ Սլիմս գետով, այլ հարավայինով՝ Կասկավուլշ գետով դեպի Խաղաղ օվկիանոս։
Գիտնականները տեղի ունեցածի պատճառ են անվանում գլոբալ տաքացումը։ Գետի անհետացումը հնարավոր է եղել տեսնել արբանյակային լուսանկարներով։
Հետազոտության հեղինակները նշում են, որ գետի հանկարծակի անհետացումը չի կարող չազդել տեղի էկոհամակարգի վրա։
1in.am