Գերմանիայի նախարարների խորհուրդը որոշել է դուրս բերել զինվորներին թուրքական ռազմաբազայից
https://parstoday.ir/hy/news/world-i63964-Գերմանիայի_նախարարների_խորհուրդը_որոշել_է_դուրս_բերել_զինվորներին_թուրքական_ռազմաբազայից
Գերմանիայի նախարարների խորհուրդն ընդունել է պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առաջարկը գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 10:55 Asia/Tehran
  • Գերմանիայի նախարարների խորհուրդը որոշել է դուրս բերել զինվորներին թուրքական ռազմաբազայից

Գերմանիայի նախարարների խորհուրդն ընդունել է պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առաջարկը գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը,  այս մասին   հայտնում է  գերմանական  Deutsche Welle-ն:

Քանի  որ գերմանացի  զինվորներն  Ինջիրլիքի  ռազմաբազա   ուղարկելու  մասին որոշումը կայացրել է դաշնային  խորհրդարանը, անհրաժեշտ է նաև, որ այդ որոշումը կայացնի նաև խորհրդարանը:

Դաշնային խորհրդարանի զինված ուժերի հարցերով  զեկուցող   Հանս-Պետեր  Բարթելսը նախքան նախարարների  խորհրդի կողմից որոշման ընդունումը լրագրողներին  ասել  է,   որ Ինջիրլիքի  հետ  կապված որոշման ընդունման գործում  պետք է ներգրավված լինեն նաև պատգամավորները:

Գերմանիայի Կանաչների կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Անտոն Հոֆրայթերը և   Ձախերի  կուսակցության  խմբակցության  ղեկավար  Դիետմար Բարչը  ևս  լրատվամիջոցներին ասել են, որ վերջին խոսքը  պետք է ասի խորհրդարանը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են  լարված մնալ:   

Բունդեսթագում  Հայոց  ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից,   Գերմանիայում   թուրք    քաղաքական   գործիչների    նախընտրական  ելույթներն արգելելուց   հետո   հարաբերություններում  վերջին  լարվածության  պատճառ է դարձել այն,  որ  պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի  պատգամավորներին այցելել Ինջիրլիքի   ռազմաբազա:   Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական  անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:

Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ  կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի  ռազմաբազային այլընտրանք գտնելու  անհրաժեշտության մասին:

«Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները:  Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

 armenpress.am