Սկսվել են Բրեքզիթի բանակցությունները
Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից մեկ տարի անց, երկուշաբթի օրը, Բրյուսելում մեկնարկել են այդ կապակցությամբ բանակցությունները:
«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բանակցությունները կայանալու են Բրյուսելում, Եվրահանձնաժողովի նստավայրում, մասնակցությամբ Բրեքսիթի հարցերով Եվրամիության ավագ բանագնաց՝ Միշել Բարնիեի և Բրիտանիայի Բրեքսիթի նախարար՝ Դեյվիդ Դեյվիսի:
Նախքան Բրյուսել ժամանելը, Դեյվիսն ասել է.«Այս բարդ բանակցությունների նպատակը Բրիտանիայի և Եվրամիության միջև պատմական համաձայնության կայացումն է»:
Նիստի օրակարգում են՝ Բրիտանիայում եվրոպացիների, իսկ Եվրոպայում բրիտանացիների իրավունքները, Իռլանդիայի սահմանի հարցը և Եվրամիության նկատմամբ Բրիտանիայի ֆինանսական հանձնառությունների ձևակերպումը, որը շուրջ 100 միլիարդ եվրո է հաշվարկվել Եվրամիության 27 պետությունների կողմից: