CNN-ը հրապարակել է Թրամփի և Ալիևի նախկին փեսայի հանդիպման տեսագրությունը
Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարներ Արազ և Էմին Աղալարովների հանդիպման տեսագրությունը:
Հայտնի է, որ 37-ամյա Էմին Աղալարովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինը:
Հայտնի է, որ Թրամփի և Աղալարովների տեսագրված հանդիպումը կայացել է 2013թ. հունիսի 15-ին՝ Լաս Վեգասում: Ֆիքսված կադրերից մեկում Թրամփն Աղալարովներին անվանում է «Ռուսաստանում ամենահզոր ու հարուստ մարդիկ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկյան լրատվամիջոցները պարզել են, որ ԱՄՆ նախագահի ավագ որդու և ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի միջև 2016թ. տեղի ունեցած հանդիպման միջնորդն ու կազմակերպիչը եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը: Նշվում է, որ Աղալարովների ընտանեկան փաստաբանը հաստատել է, որ Էմին Աղալարովը մասնակցություն ունի Թրամփ-կրտսերի և Վեսելնիցկայայի հանդիպման կազմակերպման հարցում:
Հավելենք, որ Թրամփի որդին համաձայնել էր հանդիպել ռուս իրավաբանի հետ, քանի որ իրեն խոստացել էին վարկաբեկիչ տեղեկություն տրամադրել այն ժամանակ ընթացող նախագահական մրցապայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի վերաբերյալ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ավագ որդու և Կրեմլի միջև հավանական կապի մասին սկանդալին, նշել է, որ որդին «բարձր կատեգորիայի մարդ է» և որ ինքը «հիացած է նրա պարզությամբ»:
tert.am/