Նոր զարգացումներ. ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները լարվում են
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից հայտարարել են, որ խիստ հիասթափված են ՌԴ-ում ամերիկացի դիվանագետների թվի կրճատման եւ նրանց դիվանագիտական առանձնատներից զրկելու Մոսկվայի որոշումից: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Պետդեպարտամենտը բողոք է արտահայտել ամերիկացի դիվանագետների նկատմամբ կիրառված միջոցների առնչությամբ»,-հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
Բողոքը ներկայացվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, ինչպես նաեւ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթի եւ ռուսաստանցի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպման ընթացքում:
ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է մինչեւ սեպտեմբերի 1-ը կրճատել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան եւ Սանկտ-Պետերբուրգում, Եկատերինբուրգում ու Վլադիվոստոկում գտնվող հյուպատոսարանների դիվանագետների եւ տեխնիկական անձնակազմի թիվը՝ հասցնելով 455 մարդու: Բացի այդ, արդեն օգոստոսի 1-ից ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին կարգելվի օգտվել իրենց հատկացված առանձնատներից:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը չի մանրամասնել, թե քանի դիվանագետ կլքի ՌԴ տարածքը, սակայն, որոշ տեղեկություններով, խոսքը գնում է մի քանի հարյուր մարդու մասին:
Պաշտոնական Մոսկվան նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Սենատը Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունեց:
Աղբյուր՝ Deutsche Welle