Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ahaber.com.tr-ն:
Արդարություն և զարգացում կուսակցությունը, որն իր առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը հիմնել է Բրյուսելում, պատրաստվում է օտարերկրյա ներկայացուցչություններ հիմնել ևս 6 երկրներում:
Այս որոշումը կայացվել է AKP կենտրոնական գործադիր խորհրդի նիստում, որը կայացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
Կուսակցությունն արդեն սկսել է ներկայացուցչությունների բացման ուղղությամբ աշխատանքները:
Առաջին գրասենյակները նախատեսվում է բացել Ադրբեջանում, Եվրոպայում, Բալկանյան երկրներում և ԱՄՆ-ում:
Եվրոպայում առաջին կուսակցական ներկայացուցչությունը նախատեսվում է բացել Գերմանիայում, որտեղ թուրքական սփյուռքը մեծ թիվ է կազմում:
Կուսակցության մեկնաբանությամբ` ներկայացուցչությունները փորձելու են այնպես անել, որ չկտրվի արտերկրում բնակվող թուրքերի և հայրենիքի կապը, պայքարելու են գյուլենականության դեմ:
lratvakan.am/