Թուրքմենստան-Իրան-Հայաստան շղթան Պուտինի այցի օրակարգում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, որ նախօրեին այցելել էր Անկարա, հոկտեմբերի 2-ին կայցելի Թուրքմենստան՝ այդ երկրի նախագահի հրավերով: Պուտինի Թուրքմենստան այցի ընթացքում քննարկվելու են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:
Ռուսաստանի Դաշնության նախագահի թուրքմենական այցը բավական հետաքրքրական է Հայաստանի դիտանկյունից, իսկ պատճառն այն է, որ թուրքմենական ուղղությունը վերջին շրջանում հայտնվել է Երևանի ուշադրության կենտրոնում:
Օգոստոսի 5-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնամուտի արարողության առիթով այցելելով Թեհրան, նրա հետ հանդիպմանը խոսել էր Թուրքմենստան-Իրան-Հայաստան առանցքի գործակցությունը խորացնելու մասին: Օգոստոսի 23-ին Սերժ Սարգսյանն այցելեց Սոչի՝ Պուտինի հետ հանդիպման, իսկ նույն օրը ուշ երեկոյան Հայաստան ժամանեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Սերժ Սարգսյանի հրավերով կատարելով պաշտոնական այց: Նրա հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում Սարգսյանը հայտարարեց, որ խոսել են ներդրումային ծրագրերի մասին և իրեն գոհացնում է, որ Թուրքմենստանի նախագահը խոսում էր ոչ թե միլիոնների, այլ միլիարդների նախագծերի մասին: Եվ այդ իմաստով էլ հայտարարությունն ուշագրավ է դառնում Թուրքմենստան-Իրան-Հայաստան առանցքի մասին հայտարարության համադրությամբ:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք երեք երկրները քննարկում են թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու որևէ երթուղի, կամ թեկուզ առայժմ Կովկաս հասցնելու տարբերակ, թեև, իհարկե, հազիվ թե ինքնին Կովկաս հասցնելը Աշգաբադի և Թեհրանի համար լինի գրավիչ, եթե դա չի դիտարկվելու ընդամենը դեպի Եվրոպա ճանապարհի մի հանգրվան: Թուրքմենստանի նախագահի Երևան այցից մի քանի շաբաթ անց Աշգաբադ մեկնեց Սերժ Սարգսյանը, աշխատանքային այցով, ֆորմալ առումով Ասիական խաղերի բացմանը մասնակցելու համար: Սակայն այս ինտենսիվությունն անկասկած տալիս է մտորումների տեղիք, որ այդուհանդերձ Երևան-Աշգաբադ-Թեհրան եռանկյունում կան քննարկումներ: Միևնույն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է թուրքմենական և իրանական գազի համար Հայաստանը երթուղի դիտարկելուն, բնականաբար առաջին հերթին առաջ է գալիս հարցը՝ իսկ Ռուսաստանն ինչպե՞ս է նայում դրան, հատկապես երբ կա այսպես ասած ռազմավարական երկու խնդիր Մոսկվայի համար՝ նախ Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքային ուղի, նոր այլընտրանք, և այլընտրանք նաև Հայաստանի համար:
Ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյո՞ք Երևանը կարող է իրեն թույլ տալ գնալ նման քայլի և պայմանավորվածության Թուրքմենստանի հետ, եթե այն պարունակում է Ռուսաստանի ռազմավարական մոտեցումներին հակասող հեռանկար:
Հենց այդ կոնտեքստում է հետաքրքրական Պուտինի այցը Թուրքմենստան և դրա հնարավոր ազդեցությունը Թուրքմենստան-Իրան-Հայաստան եռակողմ գործակցության հեռանկարի վրա: Մյուս կողմից, ներկայումս տարածաշրջանը լայն իմաստով գտնվելով տրանսֆորմացիաների փուլում, փոխվում է շատ արագ և ռիսկերին զուգահեռ, առաջանում են նաև նոր հնարավորություններ: Այստեղ առանցքային փոփոխություններ տեղի են ունենում նաև Ռուսաստանի շուրջ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների հետևանքով առաջացող տնտեսական խնդիրները: Այդ փոփոխությունները Մոսկվային կարող են ստիպել որոշակիորեն վերանայել մոտեցումները և առաջացնում են մի վիճակ, երբ Ռուսաստանն ինքը աստիճանաբար ունենում է այլընտրանքների սուր անհրաժեշտություն:
1in.am