Թեհրանում Բրիտանիայի դեսպան. Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին
Թեհրանում Բրիտանիայի դեսպանն ընդգծել է, որ ԻԻՀ-ն լիովին հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ներկայացվելիք իր առաջիկա զեկույցում կհաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:
Նիկոլաս Հափթոնն ուրբաթ օրն ասել է. «Լոնդոնն անգամներ հայտարարել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն ԱՄՆ-ի կողմից չհաստատվելու վտանգի մասին և Վաշինգտոնին կոչ է արել հավատարիմ մնալ այս միջազգային համաձայնությանը»:
Թեհրանում Բրիտանիայի դեսպանը նշել է, որ Լոնդոնը հավատարիմ է ՀԳՀԾ-ին: «Եթե Թրամփի կառավարությունը չհաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, Բրիտանիան կշարունակի միջազգային այս համաձայնության առավելությունների և դրա պահպանման անհրաժեշտության շուրջ Կոնգրեսի հետ իր խորհրդակցությունները». հավելել է նա:
ԱՄՆ-ի ներքին օրենքների համաձայն՝ ԱՄՆ-ն յուրաքանչյուր 90 օրը մեկ անգամ պիտի Կոնգրեսին զեկուցի ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության մասին: Այդ զեկույցի վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է:
Եթե Թրամփը հայտարարի, որ Իրանը ՀԳՀԾ-ի հանդեպ հավատարիմ չի եղել, Կոնգրեսը 60-օրյա ժամանակամիջոցում պիտի որոշում ընդունի ՀԳՀԾ-ի շրջանակներում առկախված շրջափակումների վերահաստատման մասին: Եթե Կոնգրեսը քվեարկի հօգուտ շրջափակումների վերականգնման, ԱՄՆ-ն հրաժարված կլինի ՀԳՀԾ-ից: