Ժնևում պաշտոնապես վերսկսվել են միջսիրիական բանակցությունները
Ժնևում պաշտոնապես վերսկսվել են միջսիրիական բանակցությունները, որոնք դադար էին առել փետրվարի սկզբին։
Չնայած սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունները դեռևս չեն ժամանել Շվեյցարիա, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան որոշել է հերթական անգամ չհետաձգել ռաունդի մեկնարկի ամսաթիվը, որը սկզբում ծրագրված էր փետրվարի 25-ին, այնուհետև տեղափոխվել է մարտի 7, իսկ հետո՝ մարտի 9։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Երեկ կայացած ճեպազրույցում ՄԱԿ-ի պատվիրակի մամլո քարտուղար Ջեսսի Շաինը չի պատասխանել հարցին, թե ում հետ է դե Միստուրան ծրագրում հանդիպել չորեքշաբթի։ «Մարտի 9-ից հատուկ պատվիրակը պատրաստ կլինի ընդունել ցանկացած պատվիրակության և կանցկացնի նրանց հետ նախապատրաստական հանդիպումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ փուլում այլ մանրամասներ հայտնել չի կարող, սակայն բանակցություններին պաշտոնապես «կանաչ լույս» կտրվի մարտի 9-ին։
Ինչ վերաբերում է առարկայական բանակցություններին, ապա դրանք կսկսվեն ավելի ուշ, քանի որ որոշ պատվիրակություններ Ժնև կգան մարտի 12-ին, 13-ին և 14-ին։