ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տրամադրել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը
Թուրքիայի ԶԼՄ-ները հայտարարել են, որ ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տրամադրել այդ երկրի արդարադատության նախարարության պատվիրակությանը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վաշինգտոնի ու Անկարայի միջև վիզաների բոյկոտի հետ կապված լարվածությունը սրվելով, ԱՄՆ-ն երեքշաբթի օրը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը:
Թուրքական «Հուրրիեթ» օրաթերթի ինտերնետային կայքը գրել է. «Վիզային սահմանափակությունները նկատի առնելով, ԱՄՆ պետքարտուղարությունը չի հաստատել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակության վիզաները»:
Թուրքիայի արդարադատության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը պատրաստվում էր պաշտոնական մի քանի հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում:
Թուրքիայի արդարադատության նախարարությունն անցած երեքշաբթի օրը մի հայտարարությամբ հերքել է այդ երկրի դատական իշխանության պատվիրակությանն ԱՄՆ-ի մուտքի վիզա չտրամադրվելու մասին տարածված լուրերը և հայտարարել է, որ չեղարկվել է երկու երկրի միջև վիզային ոլորտում առկա լարվածության պատճառով: