Պուչդեմոնը կոչ է արել կատալոնացիներին խաղաղ ժողովրդավարական դիմադրություն ցույց տալ
Կատալոնիայի ժողովուրդը պետք է խաղաղ ժողովրդավարական դիմադրություն ցույց տա անկախության բանաձեւի ընդունումից հետո կատալոնյան կառավարությանը պաշտոնանկ անելու եւ տարածաշրջանային խորհրդարանը ցրելու Իսպանիայի կառավարության որոշմանը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնը:
«Մինչ օրս արձանագրած նվաճումները պաշտպանելու լավագույն միջոցն Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածին ժողովրդավարական դիմադրություն ցույց տալն է: Մենք պետք է դա անենք՝ ոչ մի ակնթարթ չհրաժարվելով քաղաքացիական, խաղաղ վարքագծից»,-հայտարարել է նա:
Վերջինս նաեւ շնորհակալություն է հայտնել իր համաքաղաքացիներին ողջախոհության եւ խաղաղ տրամադրվածության համար: «Ձեր արձագանքը հասուն երկրի արձագանք է: Կշարունակենք առաջ ընթանալ նույն տրամադրվածությամբ, որը մեզ հաղթանակ կբերի՝ առանց բռնությունների, առանց վիրավորանքների, հարգելով մարդկանց, խորհրդանիշերը, կարծիքները, նաեւ կատալոնացիների բողոքները»,-ընդգծել է Պուչդեմոնը:
Նա ավելացրել է, որ տարածաշրջանի իշխանությունները մտադիր են առաջ ընթանալ ինքնավար պետության կառուցման ճանապարհով:
galatv.am