ՄԱԿ. Աշխարհում քառորդ միլիարդ մարդ միգրանտ է
(last modified Tue, 19 Dec 2017 10:40:20 GMT )
Դեկտեմբեր 19, 2017 14:10 Asia/Tehran
  • ՄԱԿ. Աշխարհում քառորդ միլիարդ մարդ միգրանտ է

Մոտ 258 մլն մարդ կամ Երկրի բնակչության 3,4 տոկոսը այն երկրում չի բնակվում, որտեղ ծնվել է, այսինքն՝ միջազգային միգրանտ է համարվում:

Երկուշաբթի հրապարակված միջազգային միգրացիաի վերաբերյալ զեկույցի համաձայն՝ 2000 թվականից նրանց թիվը 49 տոկոսով աճել է: Զեկույցը պատրաստել է ՄԱԿ Տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտը՝ երկրների ազգային վճակագրությունների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միգրանտների գերակշիռ մեծամասնությունը բնակվում է 10 երկրում. ամենամեծ թվով միգրանտներ՝ 49,8 մլն կամ 19 տոկոսը կենտրոնացած է ԱՄՆ-ում, որին հաջորդում են՝ Սաուդյան Արաբիան, Գերմանիան եւ Ռուսաստանը (դրանցից յուրաքանչյուրում բնակվում է մոտ 12 մլն միգրանտ), առաջատարների հնգյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան մոտ 9 մլն վերաբնակներով: Ըստ միգրանտների տարածաշրջանային բնակության՝ առաջին տեղում Ասիան է (80 մլն), այնուհետեւ՝ Եվրոպան (78 մլն) եւ Հյուսիսային Ամերիկան (58 մլն): Բոլոր միգրանտների մոտ 64 տոկոսը (165 մլն) կենտրոնացած է եկամուտի բարձր մակարդակով երկրներում:

2017 թվականին Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Օկեանիայի երկրների մեծ մասում միգրանտները կազմել են ամբողջ բնակչության 10 տոկոսից ավելին: Ըստ որում՝ նշվում է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում նրանց հոսքը մեծ ազդեցություն ունի բնակչության աճի ցուցանիշների վրա: Այսպես՝ Հյուսիսային Ամերիկայում 15 տարում (2000-ից 2015 թվականներ) բնակչության աճի 42 տոկոսը պայմանավորված է միգրանտների հոսքով, Օկեանիայում՝ 31 տոկոսը: Եվրոպայում բնակչության աճը բացասական էր՝ առանց այլ տարածաշրջաններից եկածների:

Միջազգային բոլոր վերաբնակների մոտ երեք քառորդը (74 տոկոս) աշխատունակ տարիքում է (20-ից մինչեւ 64 տարեկան), մինչդեռ համաշխարհային ցուցանիշը կազմում է 57 տոկոս: Զեկույցի հեղինակները նշում են, որ այսպիսով՝ միգրանտները նպաստում են ժողովրդագրական ծանրաբեռնվածության գործակցի նվազմանը, որը հաշվարկվում է երեխաների ու տարեցների թվի եւ աշխատունակ տարիքի մարդկանց թվաքանակի հարաբերակցությամբ:

Ինչ վերաբերում է միգրանտների ծագման երկրներին, ապա առավել մեծ թիվ են կազմում ծագումով Հնդկաստանից միգրանտները (17 մլն), որին հաջորդում են Մեքսիկայի քաղաքացիները (13 մլն): Ռուսաստանից, Չինաստանից, Բանգլադեշից, Սիրիայից, Պակիստանից եւ Ուկրաինայից հեռացածները կազմում են յուրաքանչյուրում 6-ից մինչեւ 11 մլն:

News.am