Ղարաբաղյան հարցը վերջնականապես կարող է լուծվել միայն նոր պատերազմի միջոցով. գնդապետ
Ղարաբաղում միշտ պայքար է ընթացել, եւ ամեն տասնամյակ այն ինչ-որ նոր ձեւ էր ստանում:
Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ղարաբաղյան պատերազմի հրամանատարներից մեկը՝ գնդապետ Արկադի Կարապետյանը:
Նրա խոսքով՝ 1920-ականներին Ղարաբաղում անգամ փոքր ապստամբություն էր սկսվել: Հետագայում պայքարը տարվում էր Կրեմլին ադրբեջանական ՍՍՀ-ից Ղարաբաղի դուրս գալու վերաբերյալ տարբեր տեսակի փաստաթղթեր եւ հայտարարություններ ներակայացնելու ճանապարհով: Խոսելով հենց հանրահավաքների եւ շարժման մասին՝ Կարապետյանը շեշտեց, որ դրանք կազմակերպված էին եւ ոչ թե՝ պատահական, քանի որ ամեն ինչ նպատակ էր հետապնդում վերահսկել իրավիճակը՝ ուզածին հասնելու համար, իսկ ավելի կոնկրետ՝ Ղարաբաղի՝ Ադրբեջանի ՍՍՀ-ից դուրս գալու:
Գնդապետը նաև խոստովանեց, որ սկզբում շատերը պատրաստ չէին ակտիվ պայքարի, եւ մինչ ադրբեջանցիները չսկսեցին ավելի կտրուկ գործել զենքի կիրառմամբ, Ղարաբաղի հայերը չէին անցնում դիմադրության ավելի ակտիվ ձեւերի:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման մասին՝ Արկադի Կարապետյանը վստահություն հայտնեց, որ միակ ճանապարհը պատերազմն է:
News.am