Մարտ 15, 2016 17:42 Asia/Tehran
  • Ցեղասպանության ճանաչման առնչությամբ թուրքական շանտաժը չի վախեցնում բուլղարական քաղաքների իշխանություններին

Բուլղարական Բուրգաս, Խասկովո և Սվիլենգրադ քաղաքների քաղաքապետարանները չեն ստանա ԵՄ ֆինանսավորումը, որն իրականացվում է Բուլղարիայի և Թուրքիայի միջև անդրսահմանային համագործակցության շրջանակում:

Պատճառը թուրքական կողմի դիրքորոշումն է՝ կապված այդ քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է bTV հեռուստատեսությունը: Այդուհանդերձ, այդ քաղաքների իշխանությունները համոզված են իրենց գործողությունների իրավացիության մեջ` թույլ չտալով որևէ մեկին միջամտել իրենց ներքին գործերին:

Ֆինանսավորման արգելքը գալիս է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից, որն արգելում է աշխատել այն քաղաքների հետ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Քանի որ բուլղարական քաղաքները չեն կարողացել գտնել թուրքական գործընկերոջ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնելու համատեղ ծրագրեր, նրանք կկորցնեն մի քանի միլիոն եվրո: Առավել կարևոր նախաձեռնություններն առնչվում են շրջակա միջավայրին՝ ուղղված բնական աղետների կանխմանը:

Խասկովոյի հետ նախկինում համագործակցած թուրքական Էդիրնե քաղաքի քաղաքապետ Ռեջեփ Գյուրքանը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ որոշումը վերջնական է: «Խասկովոյի հետ մենք շատ լավ ենք աշխատել, սակայն այժմ կա արտգործնախարարության արգելքը: Պատճառը նախորդ տարի Խասկովոյի քաղաքային խորհրդի որոշումն էր, որով ի հիշատակ Հայոց ցեղասպանության քաղաքում այգի անվանակոչվեց»,- ասել է Գյուրքանը:

Բուրգասի և Սվիլենգրադի հետ Թուրքիայի հարաբերությունները վատացան, երբ բուլղարական քաղաքներն ընդունեցին հռչակագիրներ, որոնցով դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը: bTV-ի հետ զրույցում Գյուրքանը խորհուրդ է տվել հետ կանգնել որոշումներից՝ հանուն Թուրքիայի հետ համագործակցության:

«Ոչ ոք չի կարող միջամտել, թե ինչպես ենք մենք անվանում փողոցը կամ այգին»,- կատարվածի առնչությամբ ասել է Խասկովոյի քաղաքապետ Դոբրի Բելիվանովը:

Հաշվի առնելով, որ ԵՄ կողմից քաղաքների ֆինանսավորումն իրականացվում է հարևան երկրում գործընկեր քաղաքի առկայության պարագայում միայն՝ հավանական է դառնում, որ բուլղարական քաղաքներն իսկապես կկորցնեն Եվրամիության կողմից տրամադրվող գումարները:

Վերջին շրջանում թուրք-բուլղարական հարաբերությունները վատացել են: Բուլղարիան Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում աշխատող թուրք դիվանագետին հայտարարել է «անցանկալի անձ»: Կառավարության ներկայացուցիչն ասել է, որ թուրք դիվանագետը երկրում ծավալել է գործողություններ, որոնք խախտում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի համաձայնագիրը: Ավելին, Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովը վերջերս ասել է, որ Անկարան պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է տեղում պահել Սոֆիայում իր դեսպանին:

lragir.am

15/3/2016

Պիտակ