Փետրվար 05, 2018 17:42 Asia/Tehran
  • Նիդերլանդները պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պաշտոնապես հետ է կանչում Թուրքիայում իր արտակարգ և լիազոր դեսպանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նախարարությունից հայտնել են նաև, որ չեն ընդունելու Թուրքիայի կողմից իրենց երկրում նոր դեսպանի նշանակումը: Անկարայում Նիդերլանդների դեսպան Կեես վան Ռիժն արդեն մեկ տարի է՝ չի կարողացել մտնել Թուրքիա: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Նիդերլանդների և Թուրքիայի միջև բանակցություններ են տարվել իրադրությունը հարթելու ուղղությամբ, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել, ուստի իրենք որոշել են դադարեցնել դրանք: «Քանի դեռ Նիդերլանդները դեսպան չունի Թուրքիայում, մեր երկիրն էլ թույլ չի տալու թուրք դեսպանի գործունեությունն այստեղ: Այս տեղեկությունը քիչ առաջ փոխանցվել է Հաագայում Թուրքիայի գործերի հավատարմատարին: Այսպիսով նաև դադարեցվել են Թուրքիայի հետ բանակցությունները»,- ասվում է Նիդերլանդների ԱԳՆ հայտարարության մեջ: Երկու երկրի միջև հարաբերությունները լարվել էին, երբ Նիդերլանդների կառավարությունն արգելել էր Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իրենց երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից հանրահավաքների անցկացումը: Ավելի ուշ արդեն, տեղի իշխանությունները Նիդերլանդներից արտաքսել էին Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային: Դրանից հետո երկու երկրի միջև հարաբերություններն ավելի էին լարվել: Էրդողանը մեղադրել էր Նիդերլանդներին նացիստական պահվածք դրսևորելու մեջ:

Armenpress.am

 

Պիտակ