Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, հայտարարության մեջ համանախագահները հիշեցրել են, որ փետրվարի 7ին այցելել են Բաքու՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9ին Երևան՝ հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համանախագահները հանդիպել են նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև փետրվարի 911ն այցելել Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու դեֆակտո իշխանությունների հետ, եղել Զանգելանի (Կովսական), Կուբաթլուի, Աղդամի (Ակնա), Լաչինի (Բերձոր) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: «Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևի, իսկ ավելի վաղ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված բոլոր հանձնառությունների իրականացման կարևորությունը: Համանախագահներն արտահայտել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում մահվան վերջին դեպքերի առնչությամբ: Համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնարկել հավելյալ քայլեր լարվածության թուլացման նպատակով՝ ինչի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ժնևում, ինչպես նաև հարգել հրադադարի ռեժիմը», ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Նրանք հորդորել են կողմերին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից: Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, որն իր մեջ ներառում է ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշման իրավունքը: «Համանախագահները ողջունել են կողմերի արտահայտած մտադրությունը՝ շարունակելու ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական ժամանակաշրջանը», ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:
Armenpress.am