ԵՄ-ն մտահոգված է Սիրիայի ճգնաժամային վիճակի կապակցությամբ
Եվրոպական երկրների ԱԳ նախարարներն իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայի ճգնաժամի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ և հույս հայտնել, որ կկարողանան ՄԱԿ-ի վերահսկողությամբ վերականգնել Սիրիայի խաղաղության բանակցությունները:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հինգշաբթի օրը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հայտարարել է. «Եվրոպական երկրների ԱԳ նախարարները բանակցելու են Սիրիայում հումանիտար աջակցությունների շուրջ և միևնույն ժամանակ հետևելու են ՄԱԿ-ի վերահսկողության ներքո Սիրիայում բանակցային գործընթացի ճանապարհին առկա արգելքների վերացմանը»:
ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանը գումարվելու է հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ Բուլղարիայի մայրաքաղաքում:
«ԵՄ-ի նպատակն է թե Սիրիայում և թե հարևան երկրներում, այդ թվում Հորդանանում, Լիբանանում ու Թուրքիայում գտնվող սիրիացի տարհանվածների ու պատերազմից տուժածների համար հումանիտար լայն աջակցություն ապահովել»,-հայտարարել է Մոգերինին:
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հույս է հայտնել, որ ԵՄ-ն Սիրիայում քաղաքական գործընթացի վերականգնման համար աշխատանքի կանցնի և մասնավորապես Սիրիայի հյուսիսում բախումների ու բռնարարքների դադարեցման համար իր առավելագույն ջանքը կգործադրի:
Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական վերջին քայլը ավելի է բարդացրել պատերազմի մատնված այդ երկրում իրավիճակը և Սիրիայի ապագայի կապակցությամբ մտահոգություններ է առաջացրել: