Մենք լի ենք բանակցային գործընթացն ակտիվորեն շարունակելու ցանկությամբ․ Մամեդյարով
Պաշտոնական Բաքուն երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո չի բացառում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով:
Ինչպես հաղորդում է «ԱՊԱ»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ժնեւում ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի շրջանակներում այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։
«Երբ մենք վերջին անգամ խոսեցինք համանախագահների հետ, հաշվի առանք նախընտրական տրամադրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում եւ պայմանավորվեցինք վերադառնալ քննարկումներին, երբ ընտրությունների այս հուզական ֆոնը կավարտվի: Կան հետաքրքիր գաղափարներ եւ մշակումներ, որոնք արդեն քննարկվել են Կրակովում եւ Վիեննայում կայացած նախարարների հանդիպումների ժամանակ: Այնպես որ, մենք լի ենք բանակցային գործընթացն ակտիվորեն շարունակելու եռանդով եւ ցանկությամբ, ինչին մեզ կոչ են անում համանախագահները՝ խոսելով բանակցությունների ակտիվացման մասին»,- ասել է նախարարը:
Մամեդյարովն ընդգծել է, որ Բաքվի համար այս պահին ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման այլընտրանք չկա: «Քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, մենք պետք էլ ավելի ինտենսիվացնենք այս գործընթացը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ ճանապարհով պետք է գնալ, որպեսզի զորքերը վերադառնան զորանոցները, մարդիկ վերադառնան իրենց տները եւ կրկին խաղաղություն տիրի: Մենք համագործակցության միջոցով եք ցանկանում հասնել բոլոր խնդիրների լուծմանը, եւ այդպես մենք այս տհաճ գործընթացը տեղից կշարժեինք»,- հավելել է նա։
News.am