Գիտնականները կարևորում են ԼՂ-ն խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ հռչակելու անհրաժեշտությունը
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալել են հանրային քննարկում` ականավոր գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից՝ հավելելով. «Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և ԼՂ-ի )Արցախի հանրապետություն) հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները: Բանախոսների թվում էին ՄԱԿ-ի «Ժողովրդավարական և անաչառ միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ», դոկտոր Ալֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս, Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի համահիմնադիր, դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս, դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, ԼՂ-ի )Արցախի հանրապետություն) փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը: Միջոցառումը համատեղ ջանքերով կազմակերպել էին Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (Armenian Legal Center for Justice and Human Rights-ALC), «Թուֆենկյան» հիմնադրամը և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը (European Armenian Federation for Justice and Democracy-EAFJD): Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվեցին փետրվարի 26-27-ը Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում (Center for European Policy Studies- CEPS) տեղի ունեցած գիտաժողովի եզրակացությունները, որին մասնակցում էին միջազգային իրավունքի տասնյակ ականավոր մասնագետներ և նախկին դիվանագետներ: Գիտաժողովը կազմակերպվել էր Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի և «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից: Գիտաժողովի եզրակացությունները հետևյալն էին`
. ԼՂ-ը )Արցախի հանրապետություն) պետք է լինի խաղաղության գործընթացի հիմնական սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ
.Հաստատված միջազգային իրավական նախադեպերի հիման վրա ժողովուրդները՝ այդ թվում ղարաբաղցիները, իրավունք ունեն անկախություն հռչակելու
.Միջազգային իրավունքը արգելում է բռնի ուժով անկախության հռչակմանը պատասխանել
.ԼՂ-ը լիարժեք պետություն է ըստ «վաստակած ինքնիշխանության» հայեցակարգի, քանի որ այն ունի ինստիտուցիոնալ ներուժ, ժողովորդավարական ճանապարհով ընտրված իշխանություն, իր սահմանների նկատմամբ վերահսկողություն և գործող քաղաքացիական հասարակություն
.Միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն ներգրավվի ԼՂ-ում` անկախ վերջինիս կարգավիճակից
.Միջազգային իրավունքը որոշակի շրջանակ է ապահովում, բայց միայնակ չի կարող ծառայել որպես հակամարտությունների լուծման գործիք. հակամարտույթունների կարգավորման գործընթացում չի կարելի անտեսել քաղաքականության դերը:
.Վստահության մթնոլորտի ապահովումը առանցքային գործիք է հիմնախնդրի վերջնական կարգավորման և խաղաղության հասնելու գործում
.Հայատյացության սրացումը և պատերազմի քաջալերումն անընդունելի են և չպետք է խրախուսվեն. բռնության և ատելության հովանավորչությունն արգելված է միջազգային իրավունքով։
Իր ներկայացման ընթացքում դոկտոր դե Զայասն ընգծեց, որ ժողովուրդների ինքնորոշումը սխալմամբ մեկնաբանվում է որպես ապակայունացնող տարր: Մինչդեռ այն տարածաշրջանային և միջազգային կայունության վճռական բաղադրիչներից է: Մեկնաբանելով 2016թ-ի ապրիլի քառօրյա պատերազմը` նա նշեց. «2016թ-ի ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով խաթարվել է խաղաղությունը, և այն պետք է դատապարտվի որպես ՄԱԿ-ի կանոնդարության խախտում»: Դոկտոր Ուիլյամսը շեշտեց ինքնորոշման իրավունքին առնչվող մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ ներկայումս աշխարհում կան 70-ից ավելի ինքնորոշման ակտիվ շարժումներ: Սակայն լուծում գտնելու արդյունավետ մեխանիզմի ձախողումը վերջին հիսուն տարիների ընթացքում քսան միլիոն մարդու կյանք է խլել: «Ինքնորոշման շարժումների կարգավորման համար ծրագրերի մշակման ձախողումը մահացու է», - բացատրեց Ուիլյամսը: Նա շարունակեց` առաջ քաշելով «վաստակած ինքնիշխանության» հայեցարակարգը որպես մահացու հակամարտությունները կանխելու վճռորոշ մեխանզիմ: Վաստակած ինքնորոշումը դե ֆակտո պետություններից պահանջում է մինչ ճանաչում ձեռք բերելը կառուցել կենսունակ պետական հաստատություններ և մարդու իրավունքների վրա հիմնված ժողովորդավարություն: Ամփոփ ներկայացնելով վերջին զարգացումները՝ դոկտոր Մարկեդոնովը փաստեց, որ բռնության և ռազմական հռետորաբանության աճը կողմերի միջև էլ ավելի մեծ պատնեշ է ստեղծել՝ ինչն ավելի է բարդացրել բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորումը: Նա նաև զգուշացրեց, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, «քանի որ մեկ այլ կարևոր մարտահրավեր է հայ- ադրբեջանական սահմանը, որը վիճելի տարածք չէ, սակայն ենթարկվում է հրադադարի խախտման»: ԼՂ-ի արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը նշեց. « ԼՂ-ը միայն հակամարտության անուն չէ. այն տարածք է, որտեղ մարդիկ են ապրում: Այս մարդկանց վիճակված էր պայքարել իրենց ապրելու իրավունքի համար»: Ալեքսանյանը շեշտեց, որ ուժեղ պետություն կառուցելու ԼՂ-ի վճռականության ապացույց է այն փաստը, որ երկիրը միակողմանիորեն միացել է մարդու իրավունքների բազմաթիվ պայմանագրերի, ինչպիսիք են` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը, Ժնևի կոնվենցիաները և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը: Կոնֆերանսի մասնակիցները եկան համաձայնության, որ ԼՂ-ի ինքնակառավարվելու պահանջատիրությունը հիմնավորված է. միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի ԼՂ-ում և խաղաղության գործընթացում՝ հակամարտության պատշաճ լուծում գտնելու համար»:
Armenpress.am