ՀԱՊԿ–ն չի օգնի Ղարաբաղին պատերազմի պարագայում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
https://parstoday.ir/hy/news/world-i85975-ՀԱՊԿ_ն_չի_օգնի_Ղարաբաղին_պատերազմի_պարագայում._ՀԱՊԿ_միացյալ_շտաբի_պետ
Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2018 12:00 Asia/Tehran
  • ՀԱՊԿ–ն չի օգնի Ղարաբաղին պատերազմի պարագայում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի։

Այս մասին մարտի 6-ին՝ «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա–Երեւան–Աստանա–Բիշքեք–Մինսկ տեսակամուրջի  ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի հետ, եւ, համապատասխանաբար, ՀԱՊԿ–ն Երեւանի առաջ ունի  որոշակի պարտավորություններ։ «Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ–ն նրանց վտանգի մեջ չի թողի»,–նշել է Սիդորորվը։

Գեներալ-գնդապետը հավելել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»՝ հիշեցնելով, որ ինչ–որ ժամանակ այդ երկրների ժողովուրդները մեծ խորհրդային ընտանիքի մաս են եղել՝ ապրելով խաղաղության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում։

Սիդորովը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ՀԱՊԿ–ն լիազորություն չունի միջամտել այս կամ այն հակամարտությանը, որի մասնակից է կազմակերպության անդամ  պետությունը՝ առանց համապատասխան խնդրանքի, այն պարագայում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ երկրներին աջակցություն է ցուցաբերում` առանց սպասելու օգնություն խնդրանքի: Դա, նրա կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ եւ խախտում է ՆԱՏՕ անդամ երկրների ինքնիշխանությունը:

News.am