Մակրոնի բարեփոխումների նախագծին դեմ է արտահայտվել ԵՄ 8 երկիր
Ֆրանսիայի նախագահի առաջարկած Եվրամիության և Եվրագոտու բարեփոխումների ծրագիրը ԵՄ-ում ընդունելության չի արժանացել:
Ութ երկրների ֆինանսների նախարարները հատուկ հայտարարություն են ստորագրել:
Եվրամիության ութ երկիր դեմ է արտահայտվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած ԵՄ և Եվրագոտու բարեփոխումների ծրագրին:
Մարտի 6-ին Հաագայում Դանիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Էստոնիայի ֆինանսների նախարարների ստորագրած հայտարարության համաձայն՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո 27 անդամ երկրների միասնությունը կլինի «որոշիչ ուժ», որին պետք է սատարել:
Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպական տնտեսական և դրամական միության ապագայի վերաբերյալ բանավեճը պետք է տարվի ԵՄ բոլոր երկրների, այդ թվում՝ Եվրագոտու մաս չհանդիսացող երկրների հետ միասին: Առանց Մակրոնի ծրագրերը հիշատակելու՝ ութ երկրները զգուշանում են «հեռահար առաջարկներից»՝ շեշտը դնելով տնտեսական կայունության ամրապնդման համար անհրաժեշտ բարեփոխումների վրա:
Ավելի վաղ Մակրոնը միջազգային հանրության մեջ Եվրոպայի դիրքերի ամրապնդման համար առաջարկել էր մշակել 10-ամյա ռազմավարություն:
news.am