ԱՄՆ-ի պատժամիջոցներով հանդերձ, «Ռենո» ընկերությունը մնում է Իրանում
Ֆրանսիական «Ռենո» ընկերության գործադիր տնօրենն ուրբաթ օրը հայտարարել է. «Չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնմանն ընկերությունը շարունակելու է ԻԻՀ-ում ծավալած իր գործունեությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կառլոս Գհոսնը «Ռենո»-ի բաժնետերերի տարեկան ժողովում ընդգծել է, որ այդ ընկերությունը չի պատրաստվում հեռանալ Իրանից, նույնիսկ եթե պարտավորված լինի կրճատել իր գործունեության ծավալը:
«Ռենո»-ն և Իրանի արդյունաբերության զարգացման ու արդիականացման կազմակերպությունը (ԻԴՐՈ) 2017 թվականին 780 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Ֆրանսիայից ու Բրազիլիայից հետո Իրանը «Ռենո»-ի արտադրանքների վաճառքի երրորդ գլխավոր շուկան է համարվում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:
ԱՄՆ-ն արտասահմանյան ընկերություններին Իրանից հեռանալու համար երեքից վեց ամիս ժամանակ է տվել: Վաշինգտոնն ընդգծել է, որ Իրանի հետ համագործակցող ընկերությունները կորցնելու են ԱՄՆ-ի շուկաները և կամ պարտավոր են լինելու ծանր տուգանքներ վճարել:
ԱՄՆ-ի վարչակազմի այդ քայլը խստորեն դատապարտվել է ԱՄՆ-ի ներքին, նաև միջազգային շրջանակների կողմից: